09:20 , 17 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիան ուռճացնում է Խոջալուի խաղաքարտը հատուկ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի թեման չեզոքացնելու համար (ընթերցողը իրադարձության կարևորության մասին դատում է ո´չ թե այդ իրադարձության իրական մասշտաբով, այլ` դրա շուրջ բարձրացված աղմուկի ուժգնությամբ), ինչն անում են նաև ադրբեջանցի թուրքերը և Ժիրայր Լիպարիտյան անունով հայ գիտնականը՝ բոլորովին համահունչ այս քարոզչությանը: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիա հետազոտող Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ առաջին Նախագահի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հոդվածին, որը լայն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում և փորձագիտական շրջանակների կողմից:
«Պարզ է նաև այն, որ ադրբեջանցի թուրքերն էլ իրենց հերթին փորձում են այդ խաղաքարտով «ջրել» 1988-ից առ այսօր հայ խաղաղ բնակիչների դեմ կատարած ու կատարվող բոլոր հանցագործությունները՝ սկսած Սումգայիթի կոտորածից, վերջացրած 70-ամյա հոգեկան հիվանդ հայ ծերունու խոշտանգումներով»,- ասաց Կարեն Վրթանեսյանը և ավելացրեց.«Փաստորեն Լիպարիտյանի տեքստը լրիվ համահունչ է ադրբեջանական քարոզչությանը, և նրա ուղերձը ադրբեջանական քարոզչության շրջանակում է»:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Թուրքիայում լույս տեսնող «Ագօս» թերթում հրապարակվել է «Խոջալու․ մի տեսանկյուն» վերնագրով հոդված, որը արտատպվել էր նաև Հայաստանում՝ «1915 թվականն ու Խոջալուն» վերտառությամբ, որում հեղինակը գրում է. «Ես վստահ ու ճշգրիտ չգիտեմ, թե 1992թ. ինչ է պատահել Խոջալուում… Հույս ունեմ, որ գիտաշխատողները մի օր կպարզեն», ապա վստահություն հայտնում, որ կատարվել է անընդունելի ինչ-որ բան, մի բան, որը հանգեցրել է Ղարաբաղում հայկական ուժերի կողմից ադրբեջանցի քաղաքացիական անձանց սպանությունների ու խեղումների:
Կարեն Վրթանեսյանի ամփոփմամբ՝ Ժիրայր Լիպարիտյանը հանդես է գալիս ո´չ թե որպես գիտնական, այլ` քարոզիչ, ընդ որում` ադրբեջանական կողմի քարոզիչ, քանի որ նրա տեքստը ո´չ թե իրադարձությունների սառը վերլուծություն է, այլ` թշնամական քարոզչություն:
«Հատկապես վրդովմունք է առաջացրել Մեծ եղեռնի և Խոջալուի իրադարձությունների միջև զուգահեռներ անցկացնելու փորձը»,- ասաց մեդիա հետազոտողը:
Հոդվածում նրա մատնանշած հատվածին վերաբերող տողերը հետևյալն են.«Ղարաբաղում հայկական ուժերը Խոջալուի և մյուս վայրերի վրա ռազմական գործողություններ էին ձեռնարկել՝ ադրբեջանական ուժերի օդային ռմբակոծությունների ու քաղաքացիական թիրախների գնդակոծումների դեմ իրենց սեփական ժողովրդի համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։ Սակայն, ինչպես հրապարակավ հարցրել եմ նախկինում ևս, իր թոռնուհու ձեռքը բռնած ադրբեջանցի տատիկը պակա՞ս տատիկ է, իսկ թոռնուհին պակա՞ս թոռնիկ է, ինչ է թե՝ ադրբեջանցի են։ Քաղաքացիական այդ երկու անձինք ինչո՞վ են տարբեր նույն վիճակի մեջ գտնվող հայ տատիկներից ու թոռնիկներից, որոնք ստիպված էին լքել Ղարաբաղի իրենց գյուղերն ու քաղաքները՝ Ղարաբաղում ու դրա շուրջ ադրբեջանցիների ավելի վաղ իրականացրած էթնիկ զտումների փորձերի պատճառով։ Իրականում ինչո՞վ են նրանք տարբեր ի՛մ իսկ տատիկի պատմությունից, որն, իր տատիկի ձեռքը բռնած, 1915 թ. ստիպված էր լքել Օսմանյան կայսրությունում գտնվող իր տունը։ Մարդկային առումով նրանք բոլորն էլ նախևառաջ` տատիկներ ու թոռնիկներ են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ