Հայկական հերթական նվաստացումը Մոսկվայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


05:54 , 16 մարտ, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի հայերի միության պատվիրակությունն Արա Աբրահամյանի գլխավորությամբ ակտիվ մասնակցել է Ղրիմի աջակցության համառուսական ակցիային: Պետք է ենթադրել, որ հայերն աջակցում են Ռուսաստանին Ղրիմի միացըմանը եւ Ուկրաինայի բաժանմանը:

 Ռուսաստանի ԶԼՄ-ներում սկսել է «Պուտինի քաղաքականության աջակցության» իսկական շքերթ: «Ինտելիգենցիան», ազգային միավորումները, մշակույթի գործիչները, բոլոր նրանք, ում համար թանկ է պուտինյան կերակրատաշտը, նետվել են աջակցելու Պուտինին: Այս ամենը նույն նողկալի տպավորությունն է թողնում, ինչ Հայկական ժամանակ թերթի խմբագրության մոտ տեղի ունեցած «երիտասարդների ակցիան»:

 Արա Աբրահամյանի ինչի՞ն է պետք Ղրիմը Ռուսաստանի կազմում: Որպեսզի հետո սկսի «Ղարաբաղը միացնելու ընթացակա՞րգը»: Հայաստանին հաջողվել է մտցնել Ռուսաստանի կազմի մեջ, եւ դա Պուտինի միակ անարյուն գործողությունն էր: Սակայն Ղարաբաղը չի հաջողվել մտցնել, եւ ներկայում երեւի Ռուսաստանի հայերի միջոցով նման փորձ կձեռնարկվի:

 Արդյոք Արա Աբրահամյանին ինչ որ սեփականություն կհասնի Ղրիմում: Ժամանակները փոխվում են, բարքերը՝ մնում՝ կայսրը վասալներին իր մոտ է պահում, նրանց բաժին հանելով նվաճված հողերից:

 Ռուսաստանի ԱԳՆ-ն երեկ հետաքրքիր հայտարարություն է արել: Մեկնաբանելով Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման քաղաքական մասի ստորագրումը, ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, թե այդ նույնը չգիտես ինչու մերժել են Հայաստանին: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը (ավելի ճիշտ Ռուսաստանի ԱԳՆ-ն) առաջարկել էր ստորագրել Եվրամիության հետ միայն քաղաքական ասոցիացիան, առանց ազատ առեւտրի գոտու: Եվրամիությունը մերժել էր, սակայն ներկայում դա անում է Ուկրաինայի հետ:

 Սակայն, տարբերությունն այստեղ մեծ է՝ Ուկրաինան չի հրաժարվում Ազատ առեւտրի գոտուց, ստորագրումը միայն հետաձգվում է, իսկ Հայաստանը, մտնելով մաքսային միություն, հրաժարվել է ԵՄ հետ տնտեսական գոտուց: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում էր Հայաստանը վերածել Եվրամիության հետ համագործակցության «օֆշորային գոտու»: Ներկայում Ռուսաստանը փորձում է նույնն անել Ուկրաինայի հետ, գրավելով նրա մի մասը:

 «Ռուսաստանը բազմիցս առաջարկել է լայն մտածել, համատեղ աշխատել Լիսաբոնից Վլադիվոստոկ տնտեսական միասնական տարածքի վերաբերյալ նախաձեռնության ուղղությամբ, համատեղելով եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացները: Այդ առաջարկը ուժի մեջ է նաեւ ներկայում», ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 Այս քաղաքականությանն աջակցում են ոչ միայն Հայաստանի իշխանությունն ու չիշխանությունը, այլեւ Ռուսաստանի հայերն Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Մինչ այդ պետք է ձեւավորել եվրասիական տարածությունը, եւ դա ներկայում արվում է արյամբ: 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ