22:12 , 15 մարտ, 2014
Pastinfo.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով մարտի 12-ին կայացած դատական նիստում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը` հավելելով, որ փաստի վերաբերյալ արդեն դիմել է դատախազություն: Հիշեցնենք` Նիկոլայ Բաղդասարյանը նախօրոք դիմել դատարան` մարտի 12-ին նշանակված նիստը հետաձգելու խնդրանքով, քանի որ ինքն այդ օրը մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցեր Շենգավիթի դատարանում: Բացի այդ, Վարդան Պետրոսյանը 2 նոր փաստաբաններ է հրավիրել Ֆրանսիայից, որոնք ևս պետք է մասնակցեն դատավարությանը: Եվ քանի որ նոր փաստաբանները Հայաստան են ժամանելու միայն մարտի 25-ից հետո, Նիկոլայ Բաղդասարյանը խնդրել էր հետաձգել նիստը: «Այդ մասին նախօրոք տեղյակ ենք պահել նաև տուժող կողմին, տուժողի ներկայացուցչին և դատախազությանը, որպեսզի տուժողներն իզուր չգան հասնեն դատարան և ավելորդ հոգեբանական ցնցման չենթարկվեին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ, այնուամենայնիվ, նիստը նախանշված օրը կայացել է, տուժողները նիստին ներկայացել են և հայտնել, թե տեղյակ չեն եղել նիստի հետաձգման մասին: «Եվ դատի ժամանակ, առանց որևէ պատճառի, իմ անձին վիրավորական արտահայտություններ են անում, այն դեպքում երբ ես տեղյակ պահել եմ իրենց ներկայացուցչին, որ նիստը պետք է հետաձգվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: Փաստաբանը նաև նշեց, որ օրենքով՝ դատավորը պարտավոր է իր վարած դատական նիստի ժամանակ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում միջնորդությամբ դիմել դատախազին, ինչը այս պարագայում չի արել: «Քանի որ դա հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝ մասնավոր, Քրեական դատավարության օրենսգիրքը պարտավորություն է դրել դատախազի և դատավորի վրա, որպեսզի դատավորը միջնոդրությամբ դիմի դատախազին, դատախազն էլ քրեական գործ հարուցի»,- հավելեց փաստաբանը: Ի դեպ, Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է մարտի 28-ին: