21:53 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Պրահայում՝ ապրիլի 23-24-ին: Գագաթնաժողովին կմասնակցեն ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը և ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:
Պրահայում կայանալիք միջոցառումը նիրված է 2009 թվականի Պրահայի գագաթնաժողովի 5-րդ տարեդարձին և անցկացվում է Պրահայի ղեկավարության նախաձեռնությամբ: Սակայն պայմանավորված ԱլԳ երկրներից մեկում՝ Ուկրաինայում, բավականին դինամիկ զարգացումներով և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրելու հեռանկարով չի բացառվում, որ գագաթնաժողովի օրակարգը լինի շատ ավելի հագեցած, քան նախատեսվում էր:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն տեղեկացրեց՝ քանի որ միջոցառումը կազմակերպել է Չեխիայի Հանրապետությունը, և օրակարգին տիրապետում է Չեխիայի ղեկավարությունը, օրակարգային մանրամասներին տիրապետում են նրանք: Սակայն, ըստ նրա, չի բացառվում, որ օրակարգը մինչ սահմանված ժամկետը փոփոխվի կամ դառնա ավելի հագեցած, կամ միգուցե մնա այնպիսին, ինչպիսին նախատեսվում էր՝ արարողակարգային:
Միաժամանակ նշենք, որ խոսելով գալիք գագաթնաժողովի մասին՝ Չեխիայի նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Պրահա կատարած պաշտոնական այցի ընթացքում հույս էր հայտնել, որ գագաթնաժողովի ժամանակ կառաջարկվեն ԱլԳ-ն վերակենդանացնելու նոր ուղիներ:
Ուկրաինական զարգացումները ինչպե՞ս կանդրադառնան ԱլԳ քաղաքականության վրա՝ հարցին նա պատասխանեց՝ ասելով, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում իր հանձնառությանը՝ սատարել ուկրաինական բարեփոխումների կուրսին, և դեռ հավատարիմ է մնում Վիլնյուսյան հայտարարություններին և ուկրաինական զարգացումների ողջ ընթացքում ԵՄ բոլոր հայտարարություններին: