19:58 , 15 մարտ, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Էլիտար փոսը 5 տարի անց շենք դարձավ, բայց շենքի պոտենցիալ բնակիչներն այդպես էլ բնակարանամուտ չտոնեցին: Վանաձորի կենտրոնում գտնվող բազմաբնակարանը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2009-ին: Երկրաշարժից տուժած նախկին Ֆոտոէտյուդի շենքի բնակիչ 12 ընտանիքներ, որոնք փաստացի հաշվառված էին քանդված շենքի տարածքում տեղադրված տնակներում, 2007-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ կնքեցին հողամասն ազատելու և հետագայում այնտեղ կառուցվող էլիտարում բնակարան հատկացնելու պայմանագիր: Հողատարածքն աճուրդի հանվեց, «Վիմպերգ» ՍՊԸ-ն գնեց, բայց վանաձորցիների հիշողության մեջ որպես էլիտար փոս մնաց:
Փաստաբան Կարեն Թումանյանը Չատինյանների գործն է վերցնում: Դատարանը դեռ 2010-ին նրանց պահանջը բավարարեց, բայց դատական քաշքշուկը չավարտվեց: Համայնքի ղեկավարի բողոքով, որոշումը բեկանվեց եւ ուղարկվեց ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Այս ընթացքում Վանաձորի քաղաքապետը բնակչին գրավոր հաշտություն առաջարկեց: Կողմերը համաձայնության են եկան, դատարանն էլ հաստատեց հաշտությունը:
Հաշտությամբ սահմանված ժամկետն անցավ, բայց ոչ շենքը կառուցվեց, ոչ էլ 38 հազար դոլար փոխհատուցումը տրվեց: Քաղաքապետարանն այս ընթացքում միայն վարձակալությամբ բնակարան գտնելու համար պայմանագրով նախատեսված ամենամսյա 15 հազար դրամներն է վճարել: Այս տարվա հունվարին ԴԱՀԿ-ն դատական ակտը չկատարելու հիմքով համայնքի բյուջեի վրա արգելանք է դրել: Վանաձորի ավագանին էլ իր հերթին բողոքարկել է կալանքի որոշումը վերաքննիչ դատարանում, իսկ փաստաբանը` ավագանու դատարան դիմելու որոշումը: Փաստաբանի խոսքով, ավագանին դատարան դիմելու լիազորություն չունի` ոչ ֆիզիկական անձ է, ոչ` իրավաբանական:
Մինչեւ դատարանները որոշում կկայացնեն, Վանաձորի քաղաքապետարանը հայտարարում է, որ որեւէ պայմանավորվածություն ու ժամկետ չի խախտել, աղետի հետեւանքով բնակարան կորցրած ընտանիքների նկատմամբ պարտավորություն չի ունեցել եւ ընդամենը բարի գործ է արել` երաշխավորելով, որ տվյալ ընտանիքները նորակառույցում բնակարան կունենան:
Թե ինչո՞ւ է շենքը 2009-ի փոխարեն 2014-ին կառուցվել` այն էլ կիսատ, Գագիկ Սիմոնյանը չգիտի, բայց վստահեցնում է, որ բնակիչները մի քանի օրից բնակարանամուտ կտոնեն:
Բարձրահարկի մի քանի բնակարաններում ներքին հարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են, շենքի մնացած հատվածն, ըստ էության, կիսակառույց է, կանգուն են միայն պատերը: Ենթակառուցվածքներն անցկացված չեն, աստիճանները կան, բազրիքները չկան, վերելակի հորը կա` վերելակը` չկա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ