17:50 , 15 մարտ, 2014
Lurer.com-ը գրում է.
Երեկ ներկայացվեց 2014թ. «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակից Արամ MP3-ի Not Alone երգը:
Ինչպես և սպասվում էր, թեժ քննարկումներ ծավալվեցին սոցիալական կայքերում: Մի մասը հավանել էր, մի մասն էլ` ոչ այնքան: Երգի, երաժշտության և ընդհանրապես «Եվրատեսիլի» մասին Լուրեր.com-ի թղթակիցը զրուցեց հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանի, երգչուհի Ջուսի և կոմպոզիտոր Գուժի հետ:
Լուսինե Բադալյանը երգը շատ է հավանել: Ըստ նրա`այսքան տարիների ընթացքում մեր կողմից «Եվրատեսիլ» ուղարկված առաջին երգն է, որ միջազգային շուկայում իրացվող աշխատանք է:
««Եվրատեսիլի» հաղթանակը հորիզոնականը չէ. սխալ մոտեցում է: Կարևոր է, թե երգն այդ տարվա և հաջորդ տարիների ընթացքում ունենում է արձագանք, թե ոչ: Լավ երգերն ընդգրկվում են տարբեր չարթերում, այդ տեսանկյունից դեռևս մենք ոչ մի երգ չենք ուղարկել: Օրինակ, Իտալիայի անցյալ տարվա երգը 10-րդ հորիզոնականում էր, բայց այն աշխարհի տարբեր թոփ չարթերում բարձր հորիզոնականներում էր: Այդ տեսանկյունից սա առաջին երգն է և այն անցյալ տարվա երգի պես աննկատ չի անցնելու: Իրականում, «Եվրատեսիլն» այն մրցույթն է, որտեղ քաղաքականությունը վերաբերում է միայն առաջին հորիզոնականին, ծայրահեղ դեպքում` երկրորդ հորիզոնականին: Սովորաբար, տասնյակը ձևավորվում է այնպես, ինչպես պետք է ձևավորվի: Սպասել, որ մենք մի օր առաջին տեղ կբերենք, պրակտիկորեն անհնար է»:
Երգչուհի Ջուսի կարծիքով էլ` Արամ MP3-ն տաղանդավոր արտիստ է, և շոուն ճիշտ անելու դեպքում, հնարավոր է անգամ հնգյակում հայտնվի:
«Երգն ինձ հիշեցնում է լավ ֆիլմի սաունդրեք, իմ կարծիքով` այն հիթային երգ չէ, բայց շատ սիրուն գործիքավորում է արված, ինձ երգի մեջ չհերիքեց կուլմինացիան, բայց սիրուն երգ է»:
Երգչուհուն հարցրինք` արդյո՞ք այն միջազգային շուկայում իրացվող երգ է, վերջինս պատասխանեց. «Այո, համապատասխան է, բայց «Եվրատեսիլի» համար հիթային երգ չէ, ես այդ երգը չէի երգի «Եվրատեսիլում», ես այն կերգեի գժական նկարած action ֆիլմի համար»:
Կոմպոզիտոր Գուժն էլ կարծում է, որ երգի սկիզբն առաջին անգամ լսելիս շատ տպավորիչ է, շատ գեղեցիկ մեղեդային մուտք ուներ և որակով սարքված աշխատանք է: «Արամն այսօր այն եզակի արտիստներից է, ով ռաբիս չի երգում, և դա կարելի է համարել հերոսություն: Կոնկրետ այս երգն ընդունված ֆորմայի ստանդարտներից դուրս է: Երգը, սովորաբար, ունենում է տուն, կրկներգ, եթե պետք է նաև երրորդ ֆորմա ու ավարտ, բայց այս երգն այդ կանոնների մեջ չէ, որը շատերի համար կարող է դժվարամարս լինել, մարդիկ սիրում են լսել կրկներգ, որն այդ երգը չունի: Ամեն դեպքում, որակով աշխատանք է, գործիքավորումն էլ սիրուն ու ճաշակով է, մաղթում եմ Արամին հաջող ելույթ և հաղթանակ»: