Ռասմուսենը դատապարտել է Ղրիմի նախատեսվող հանրաքվեն


15:01 , 15 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Ղրիմի կարգավիճակի հարցով նախատեսվող հանրաքվեն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին նա հայտարարել է 50 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանների հետ հանդիպումից հետո:

«Ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, այսպես կոչված, հանրաքվեն, որը նախատեսված է մարտի 16-ին, կլինի Ուկրաինայի սահմանադրության և միջազգային իրավունքի ուղիղ խախտում:

Եթե այն կայանա, ապա իրավաբանական ուժ կամ քաղաքական լեգիտիմություն չի ունենա: Այս հանրաքվեի անցկացումը խափանում է Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական և խաղաղ լուծման ուղիներ որոնելու ջանքերը»,- ասել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ Ղրիմի գերագույն խորհուրդը որպես սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու որոշում է կայացրել: Այս որոշումը կարող է ամրագրել հանրաքվեն, որը գերագույն խորհուրդը նշանակել է մարտի 16-ին: