14:13 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու ծրագիրը, որն իբրև թե հաստատել են երկրի իշխանությունները, կայանում է փետրվարի 21-ի համաձայնագրի պայմանների կատարմանը վերադառնալու մեջ, սակայն արդեն առանց Վիկտոր Յանուկովիչի, ով, ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հայտարարության համաձայն, արդեն պետք չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ-ն կարծում է, որ Վիկտոր Ֆեոդորովիչը կարող է Ուկրաինա վերադառնալ միայն դատարանի առաջ կանգնելու համար: UNIAN ուկրաինական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են zn.au-ի աղբյուրները:
Ակնհայտ է, որ Յանուկովիչն արդեն խաղացել է իր դերը և պետք է կամ հեռանա սեփական ցանկությամբ, կամ իմփիչմենթի ընթացակարգով, որը Կրեմլի հրամանով պատրաստ է ապահովել Ռեգիոնների կուսակցությունը:
Ինչպես պնդում է աղբյուրներից մեկը, իմփիչմենթի համար հիմք կարող են հանդիսանալ ոչ թե նախկին նախագահի հանդեպ հարուցված քրեական գործերը, այլ այն, որ Յանուկովիչը խախտել է օրենքը` անօրինական հատելով Ուկրաինայի սահմանը: Ռոստովում նրան բոլորն են տեսել, իսկ սահմանը հատելու կնիքն անձնագրում` ոչ մեկը:
Քննարկվող ծրագրի համաձայն` աշնանը պետք է ընդունվի նոր սահմանադրությունը, որում նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատված կլինեն, իսկ Ղրիմի և այլ շրջանների լիազորությունները` ընդլայնված: Երկրորդ պայմանն է ստեղծել խորհրդարանական լայն կոալիցիա` Ռեգիոնների կուսակցության մասնակցությամբ` առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Ինչպես խոսում են Ղրիմում, բանակցությունները կարող են սկսվել մոտակա օրերին, այսինքն՝ հանրաքվեից անմիջապես հետո: