Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


09:49 , 15 մարտ, 2014

Շատին ձգտողը` քիչն էլ կկորցնի:

Գալուստ Սահակյանը կուտակայինը համեմատում էր եգիպտական բուրգերի հետ: Գալուստ պապիկին ուզում եմ ասեմ, որ դա վատ բան է, պետք չի ֆինանսական ինչ-որ բան համեմատել թեկուզ Քեոփսի բուրգի հետ: Մավրոդին իրա ՄՄՄ-ով վկա` դրա մեջ լավ բան չկա, բայց դե Մավրոդիի գլխին կտակարան են կարդում, ասում ա՝ թողեք բուրգերս գնացին:

Վերջին օրերին տրանսպորտային քննարկումներից հետո, իմ կարծիքով, գծատերերը պատրաստ են մարդկանց նույնիսկ 80 դրամով սպասարկել: Այնքան խոսեցին, որ շատ հնարավոր է այլևս գծատեր չլինեն ու դառնան հասարակ շահառուներ, այդ դեպքում նրանք էլ ժողովրդի հետ կպայքարեն տրանսպորտի թանկացումների դեմ:

Կրեատիվ ակցիա էր տեղի ունենում որոշ խմբագրականների մոտ: Երիտասարդները դհոլներով ցույց էին անում: Բայց եկեք մի քիչ այլ տեսանկյունից նայենք: Մենք ասում ենք, որ խոսքի ազատություն է, իսկ յուրաքանչյուր իրավիճակի մեջ կան փաստեր, որոնք կարող ես և՛ դեմ, և՛ կողմ ներկայացնել: Այդ դհոլների ակցիայի փոխարեն կարելի էր գաղափարական պայքար մղել: Թե չէ մի տեսակ այդ արարքով տպավորություն է ստեղծվում, որ ցանկանում եք զրկել նրանց խոսքի ազատությունից: Բայց, միևնույնն է, ակցիաի գաղափարը կրեատիվ էր:

Արամ MP3-ի Եվրոտեսիլ երգի պրեմիերան կայացավ: Ես, իհարկե, չեմ հասկանում Եվրատեսիլի բուն իմաստը, բայց պետք է ասեմ, որ երգը ստացված է այս երգով շանսերը Եվրատեսիլում մեծանում են, այլևս ուշ է այդ մրցույթից հրաժարվելը այնպես, որ եկեք օգնենք հոգեպես Արամին, որ Հայաստան անունը բարձր պահի: Առհասարակ, որտեղ Հայաստան անունը հնչում է բարձր նոտայով, պետք է մեր միջոցով էլ ավելի բարձրացվի: Նեգատիվը թողնենք և պոզիտիվով օգնենք Արամին:

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» էլ հանդիպեցին: Ոչ իշխանական խմբակցությունների (չնայած ոչ իշխանական տերմինալոգիան նոր ենք մտցրել մենք) հանդիպումների շարքը այսքանով համարենք փակված: Հիմա «Ժառանգությունը» ԲՀԿ-ին ի՞նչ սովորեցրեց: Կարո՞ղ ա ԲՀԿ-ն էլ սկսի Բադասխաններ ուզել: