09:24 , 15 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է Ազգային գվարդիա ստեղծելու մասին օրենքը:
Փաստաթուղթը կարգավորում է նոր ռազմական միավորման գործունեությունը, որը ստեղծվել է Ներքին զորքերի հիման վրա: «Ուկրաինայի ազգային գվարդիայի մասին» № 876-VII օրենքի ստորագրման մասին ասվում է Ռադայի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին օրենքին իր աջակցությունն էր հայտնել 262 պատգամավոր:
Ուկրաինայում պաշտոնապես Ազգային գվարդիա գոյություն ունեցել է 1990-ականների սկզբներից մինչև 2000 թվականը: Սկզբում այն ենթարկվում էր Գերագույն ռադային, այնուհետև՝ նախագահին: Ազգային գվարդիայի հանձնարարությունների մեջ էին մտնում սահմանադրական կարգի պաշտպանությունը, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը մասնակցելը, սահմանապահներին օգնություն ցուցաբերելը, դրսից հարձակումների հետմղման մարտական գործողություններին մասնակցելն ու Ուկրաինայի անվտանգությունը պաշտպանելը: 2000 թվականին գվարդիան լուծարվեց: Անձնակազմն ու սպառազինությունը հանձնվեցին Զինված ուժերին և ՆԳՆ ներքին զորքերին:
Ժամանակին Ազգային գվարդիան վերստեղծելու անհաջող փորձ է արել Յուրի Լուցենկոն՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ: