Սիրիայի արտգործնախարարը սրտի վիրահատության է ենթարկվել


18:42 , 14 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ենթարկվել է սրտի վիրահատության և ներկայում գտնվում է Բեյրութի Ամերիկյան համալսարանին կից բժշկական կենտրոնում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի սրտաբաններից մեկին:

«Հիվանդի վիճակը կայուն է»,- ասել է բժիշկը:

Վալիդ Մուալեմը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ է տեղափոխվել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Հետազոտությունից հետո բժիշկները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Սիրիական ԶԼՄ-ները ոչինչ չեն հաղորդել 73-ամյա դիվանագետի առողջական վիճակի մասին:

Նշենք, որ Սիրիայի արտգործնախարարը, ով զբաղեցնում է նաև փոխվարչապետի պաշտոնը, ղեկավարել է կառավարական պատվիրակությունը միջսիրիական բանակցությունների երկու փուլերում, որոնք տեղի են ունեցել Ժնևում: