Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Հնդկաստան՝ լուսանկարիչ Կլոդ Ռենոլթի հետ (31 Photo)


18:20 , 14 մարտ, 2014

Claude Renault  - Street Photographer from FranceՖրանսիացի լուսանկարիչ Կլոդ Ռենոլթը տարիներ շարունակ զբաղվում է լուսանկարչությամբ: Նրան առավել է հոգեհարազատ է ճանապարհորդական լուսանկարչությունը: Ներկայումս նա բնակվում է Հնդկաստանում: Երբ Կլոդն առաջին անգամ այցելեց Հնդկաստան, նա զարմացած էր՝ տեսնելով այնտեղի վառ ու բազմազան բնակչությանը: Հնդկաստանի վառ գույներն արտացոլված են նրա բազում լուսանկարներում: Նա ասում է, որ գեղանկարները և քանդակներն իր համար իբրև ոգեշնչման աղբյուր են ծառայում և կարող են նպաստել ցանկացած լուսանկարչի մասնագիտական հմտությունների զարգացմանը: Այս լուսանկարիչն աչքի է ընկնում իր համեստությամբ և արվեստի հանդեպ տածած բուռն սիրով: Նրա մասին ավելին իմանալու համար կարող եք ընթերցել նրա հարցազրույցը:

- Ինչպե՞ս եք սկսել զբաղվել լուսանկարչությամբ:

-Ես լուսանկարչությամբ սկսել եմ զբաղվել Հյուսիսային դպրոցում սովորելու տարիներին: Այնուամենայնիվ, ես ավելի ուշ սկսեցի լուրջ քայլեր անել լուսանկարչության ասպարեզում: Ես ճանապարհորդում էի Եվրոպայով և միաժամանակ զբաղվում քանդակագործությամբ: 1980-ականներին ես տեղափոխվեցի Ամերիկա ու դարձա ֆինանսական լուսանկարիչ: Ես սկսեցի աշխատել միաժամանակ երեք բանկի համար ու լուսանկարներ տրամադրել գովազդների համար: Այդ ժամանակ լուսանկարչության մեջ գերիշխում էին սև ու սպիտակ գույները:

- Ինչպե՞ս ստացվեց, որ տարվեցիք ճանապարհորդելով, և առաջին անգամ ե՞րբ այցելեցիք Հնդկաստան:

- Ես առաջին անգամ Հնդկաստան եկա 1983 թ.-ին: Կնոջս հետ Հնդկաստան եկա աշխատանքի բերումով: Ես լուսանկարչական աշխատանք էի ծավալում Հնդկաստանի մի քանի քաղաքներում: Որոշ ժամանակ անց վերադարձա Ամերիկա, նորից սկսեցի աշխատել բանկերի համար և զբաղվածությանս պատճառով այլևս չէի կարող ինձ թույլ տալ ճանապարհորդել:  

Ամերիկայում հաստատվելուց հետո արձակուրդի ժամանակ ես Ֆրանսիա էի մեկնում: Իմ կյանքում այնպիսի պահ եկավ, երբ ես ցանկանում էի Եվրոպա վերադառնալ: 1992 թ.-ին ես Իտալիա մեկնեցի: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի զբաղվել ճանապարհորդական լուսանկարչությամբ: Սկզբում լուսանկարչության այս ուղղությունը մի փոքր բարդ էր ինձ համար, սակայն աստիճանաբար ինձ մոտ ամեն ինչ ստացվեց: Այդ ժամանակ ես Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի նորանոր վայրեր ուղևորվեցի: Ես վերադարձա Հնդկաստան 1999 թ.-ին: Ներկայումս իմ լուսանկարները ես վաճառում եմ Ֆրանսիայի, Իտալիայի և Ամերիկայի ճանապարհորդական գործակալություններին, ինչպես նաև մի քանի ամսագրերի:

- Հայտնի է, որ դուք զբաղվում եք ոչ միայն լուսանկարչությամբ, այլև գեղանկարչությամբ: Ինչպե՞ս եք հասցնում այդքան խիտ գրաֆիկով աշխատել:  

-Որքան ավելի քիչ եմ ես ճանապարհորդում, այնքան ավելի շատ ժամանակ եմ հատկացնում գեղանկարչությանը: Ես ավելի հետաքրքրված եմ աբստրակտ նկարներով: Ներկայումս զբաղված եմ իմ գեղանկարների ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներով: Գեղանկարչությունն ավելի հեշտ է ինձ համար: Այստեղ ինչ ուզես, կարող ես անել ձևերի ու գույների հետ: Որոշ լուսանկարներ երբեմն զայրացնում են ինձ: Ես ցանկանում եմ փոխել ինչ-որ բան դրանց մեջ, սակայն դա երբեմն անհնար է, քանի որ ես գրեթե չեմ օգտվում Photoshop-ից: Ի վերջո ես այդ լուսանկարների հիման վրա գեղանկար եմ նկարում՝ իմ ուզած փոփոխություններն անելով գեղանկարի մեջ: Ես այդ կերպ ասես երկրորդ կյանք տամ իմ նկարին:

- Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես վարպետության դասեր եմ տալիս: Ինձ հրավիրել են Կիպրոս՝ վարպետության դաս տալու: Մայիսին պատրաստվում եմ Մարոկկո մեկնել և այնտեղ լուսանկարչական նախագիծ իրականացնել, իսկ հոկտեմբերին կվերադառնամ Հնդկաստան: