17:20 , 14 մարտ, 2014Կա արմատացած կարծրատիպ, որ ֆրանսիացին խայտառակ վատ է պատերազմական տեսանկյունից, ու շատ իզուր: Պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիան ժամանակին աշխարհակալ գերտերություն էր ու բազմաթիվ պատերազմներից հաղթանակով էր դուրս եկել: Սակայն իր պատմության ընթացքում ֆրանսիական բանակն իրոք մի շարք խայտառակ ու ջախջախիչ պարտություններ է ունեցել, որոնցից 10 ամենանշանավորների մասին Ձեզ կպատմենք այս հոդվածում:

Այժմ Բելգիայի մաս կազմող Ֆլանդրիան ժամանակին Ֆրանսիայի մասն էր կազմում: 14-րդ դարի սկզբին Ֆլանդրիայի հասարակությունը բաժանվեց. ազնվականները ցանկանում էին, որպեսզի ֆրանսիական գերիշխանությունը պահպանվի, իսկ ժողովուրդը անկախություն էր տենչում և հանուն դրա, նրանք 1302 թվականի մայիսի 18-ին կոտորեցին Բրյուգե քաղաքի ողջ ֆրանսիական բնակչությանը:
Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Արդարը հրամայեց պատժիչ արշավ ձեռնարկել Ֆլանդրիայի վրա և զորքերի հրամանատար կարգեց Ռոբերտ 2-րդ Արտուային: Ռոբերտի ենթակայության ուժեղագույն հարվածային բանակ էր գտնվում, որը բաղկացած էր 2500 ծանր զրահավոր հեծելազորից և մշտական բանակի զինվորներից բաղկացած 4000-անոց հետևակից:
Ֆլամանդական բանակը, որը բաղկացած էր թեթև զրահավորված 10000 աշխարհազորայիններից, Կուղտղե քաղաքի մերձակայքում սպասում էր Ֆրանսիական բանակին: Ֆլամմանդացի աշխարհազորայինները զինված էին հատուկ հեծելազորի դեմ պայքարելու համար հարմար երկար ու կարճ նիզակներով և շատ բծախնդրորեն էին մոտեցել ռազմի դաշտ ընտրելու հարցին. գետը պաշտպանում էր նրանց թիկունքը, իսկ հատված տեղանքը՝ ճակատը: Ֆրանսիացի ասպետները սկզբում չէին ուզում այդ վայրում ճակատամարտ տալ, բայց Ռոբերտը հայտարարեց, որ «100 ձիավորը 1000 հետևակ արժե»:
Ճակատամարտը սկսվեց նետերի տարափների փոխանակումով, որը սակայն ոչ մի շոշափելի արդյունք չտվեց կողմերից և ոչ մեկին, իսկ ֆլամանդցիները նահանջեցին ու ցցված նիզակներով պատ կազմեցին: Ֆրանսիացի ասպետները իրենց հետևակին կարգադրեցին մի կողմ քաշվել և ճակատային գրոհ ձեռնարկեցին ֆլամանցիների վրա: Հատված տեղանքը թույլ չտվեց նրանց լավ արագություն զարգացնել, բայց նաև չկանգնեցրեց նրանց: Արդյունքում թիավորների հարված բավարար ուժեղ չէր, որպեսզի ճղեր նիզակավոր հետևակի շարքը, և գրոհը կանգ առավ և անմիջապես վերածվեց սպանդի՝ գրոհողների վրա: Հավելյալ գրոհները ոչ մի արդյունք չտվեցին:
Արդյունքում ֆրանսիական բանակը գլխովին ոչնչացվեց. սպանվեց 1000-ից ավել ասպետ, այդ թվում Ռոբերտ Արտուան, ողջ մնացածներից ոմանք փորձեցին հանձնվել և անգամ անցնել ֆլամանցիների կողմը, բայց բոլոր նրանք, ովքեր ասպետական սպառազինություն էին կրում, կոտորվեցին:

Ֆլամանդիայի անկապությունը կարճ կյանք ունեցավ: Արդեն 1340-ականներին անգլիացիք ու ֆրանսիացիք մրցում էին, թե ով պետք է տիրապետություն հաստատի Ֆլամանդիայում և բնական այդ վեճը շուտով վերածվեց լայնամասշտաբ պատերազմի:
Անգլիայի արքա Էդուարդ 3-րդը 1346 թվականին իր բանակի հետ անցավ Լա Մանշը և հաջորդ մի քանի ամիսները ծախսեց ասպատակելով ֆրանսիական գավառները, մինչև Ֆիլիպպ 4-րդի բանակը առերեսեց անգլիացիներին՝ Կրեսի գյուղի մերձակայքում: Էդվարդի բանակը 11.000 զինվոր ուներ, որոնցից 7000-ը զինված էին անգլիական երկար աղեղներով: Անգլիական բանակը դիրքավորվեց մի բլրի գագաթին, որի մի կողմը պաշտպանված էր գետով, իսկ մյուս կողմը՝ անանցանելի սաղարթախիտ անտառով:
Ֆիլիպի բանակը, ըստ տարբեր աղբյուրների, ուներ 30-60 հազար մարտիկ, որոնք լրիվ անկազմակերպ վիճակում այդ երեկո ժամանեցին դաշտ: Արհամարհելով արքայի՝ մինչ հաջորդ օրը սպասելու հրամանը, առանց որևիցե հետախուզական միջոցառումներ իրականացնելու, անկազմակերպ ու անկարգապահ ֆրանսիական զորքը առաջացավ դեպի անգլիացիների դիրքերը:
Ֆրանսիացի արբալետավորների առաջին համազարկը չհասավ տեղ, իսկ դրան հետևած ավելի հեռահար անգլիական աղեղների համազարկը՝ հասավ: Բացի նրանից, որ անգլիացիների աղեղները ավելի հեռահար էին, նրանք ֆրանսիական արբալետի արձակած նետին հասցնում էին պատասխանել 5 անգամ, քանզի արբալետի լիցքավորումը մոտ 1 րոպե էր խլում: Շատ արագ, ծանր կորուստներ կրած արբալետավորները շրջվեցին ու սկսեցին փախչել, իսկ ֆրանսիական ծանր հեծելազորը անգամ չսպասեց, որ նրանք ազատեն մարտի դաշտը և հարձակվեցին՝ ճանապարհին ճզմելով փախչող արբալետավորներին, սակայն անգլիական նետերը սպանեցին նրանց ձիերին, իսկ ողջ մնացած ասպետները հետ քաշվեցին:
Ֆրանսիացիք ֆենոմենալ համառություն ցույց տվեցին և նմանատիպ գրոհ կրկնեցին 15 անգամ, որոնցից և ոչ մեկը չկարողացավ որևէ վնաս պատճառել անգլիացիներին: Արդյունքում ֆրանսիական կորուստները սահմռկեցուցիչ էին՝ 1500 սպանված ասպետ և 10.000 հետևակ, և սա այն պարագայում, երբ անգլիացիները զոհերը հաշվում էին ընդամենը 100 հոգի:

14-րդ դարում, օսմանյան ու բյուզանդական բանակները ասես դանակ ու կարագ լինեին՝ այնքան հեշտ էին ջարդում օսմանները բյուզանդացիներին: Որպեսզի Բյուզանդական կայսրությանը օգնեն վերականգնել տարածքային կորուստները ու Եվրոպայից մեկուսացնեն օսմանյան հորդաները, հայտարարվեց հերթական խաչակրաց արշավանքը և ֆրանսիացի ասպետների գլխավորած զորքը ներխուժեց Հյուսիսային Բուլղարիա, որտեղ գտնվում էր Օսմանյան Նիկոպոլիս բերդը:
Ֆրանսիացիներից ու հունգարացիներից բաղկացած խաչակիների 20.000-անոց բանակը պաշարեց բերդը, բայց թույլատրված մի շարք բացթողումները ճակատագրական հետևանք ունեցան այս արշավի համար: Սկզբում պարզվեց, որ խաչակիրները հոգ չէին տարել իրենց հետ պաշարողական տեխնիկա բերել: Հետո աստիճաններով ու սակրային աշխատանքներով ամրոցը գրավելու փորձերը ձախողվեցին, ուստի պաշարողները ստիպված էին սովամահ անելով գրավել ամրոցը:
Մինչ խաչակիրնեը սպասում էին, որ կայազորը հանձնվի, նրանք հարկ չհամարեցին հետախուզական միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ժամանակին նկատեն պաշարումը ճեղքելու համար ուղղարկված օսմանյան բանակը: Շնորհիվ սրա՝ Օսմանյան սուլթան Բայեզիդը աննկատ բերեց ի զորքը քաղաքի մոտ և այնպես դիրքավորվեց, որ խաչակիրները հայտնվեցին նրա բանակի ու քաղաքի կայազոր արանքում: Խաչակիրների համար անգամ սա ճակատագրական չէր լինի, եթե նրանց ղեկավարեին ոչ թե բարձր ծագումով հրամանատարներ, այլ փորձառու զորավարներ, բայց, ավաղ, զորքի հրամանատարը Ֆրանսիայի 23-ամյա Ժան Վալուա արքան, ով երբեք չեր ճակատամարտել թուրքերի դեմ, բայց նա ֆրանսիացի էր ու ասպետ, ուստի նա իր ողջ ծանր հեծելազորով որոշեց ճակատային հարված հասցնել թուրքական բանակին:
Մի պահ թվում էր, թե Վալուայի խելահեղ քայլը արդյունք է տալիս, որովհետև ճակատամարտի սկզբում ծանր ասպետական հեծելազորը ցրեց թուրքական թեթև հեծելազորը, որը արագ սկսեց նահանջել, իսկ ոգևորված ֆրանսիացի ասպետները սկսեցին հետապնդել նրանց և հայտնվեցին թուրքական նետաձիգների հասանելիության գոտում, ովքեր կանգնեցրեցին ֆրանսիացիների առաջխաղացումը: Օսմանները օգտվեցին խաչակիրների շարքերում առաջացած խառնաշփոթին և շրջապատեցին ֆրանսիացիներին և միաժամանակյա գրոհ ձեռնարկեցին քաղաքի ու դաշտի կողմից՝ հունգարական պահեստային զորքի վրա: Արդյունքում խաչակիրների գրեթե ողջ զորքը սպանվեց կամ գերեվարվեց:

Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Բրիտանիայի հետ մղած պատերազմի ժամանակ ֆրանսիացի գեներալ Լազար Հոշեն պլանավորում էր եռակողմ ներխուժում իրականացնել բրիտանական կղզիներ: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ֆրանսիական զորքերը ափ կիջնեն Անգլիայում և Իռլանդիայում, կաջակցեն իռլանդական ապստամբությանը ու խժդժություններ կհրահրեն անգլիացի ցածր խավի ներկայացուցիչների շրջանում: Արդյունքում Բրիտանիա հասնելը խիստ խնդրահարույց բան դարձավ 3 բանակներից երկուսի համար, և նրանք վերադարձան Ֆրանսիա, իսկ երրորդը ափ իջավ Ուելսում գտնվող Ֆիշգարդ նավահանգստում:
Որպեսզի շահեին տեղացիների սրտերը, ֆրանսիացիները հրամանատար էին նշանակել ամերիկյան իռլանդացի Ուիլլիամ Թեյթին, ով Ամերիկյան հեղափոխության ժամանակ մարտնչել էր բրիտանացիների դեմ: Թեյթի բանակը հիմնականում բաղկացած էր ստրուկներից, հանցագործներից ու ռազմագերիներից, և 1800-հոգուց բաղկացած լավ զինված զորագունդ էր: Սակայն քանի որ նրանք ափ էին իջել ոչ նախանշված վայրում, նրանց ոչ մի հակառակորդ էլ չէր սպասում: Թեյթը կարգադրեց դիրքեր գրավել ու հարմարեցնել և սպասել անգլիական զորքին, բայց նրա զորքը գերադասեց տրվել արբեցողությանը, իսկ հետո բռնաբարությունների ալիք սկսվեց քաղաքում և արդեն հաջորդ օրը առնվազն 12 «ազատարարի» հայտնաբերեցին սպանված՝ ուելսցի կանանց կողմից:
Արդյունքում Թեյթը այդպես էլ չառերեսվեց անգլիական կանոնավոր բանակի հետ: Նրանց դեմ դուրս եկավ գազազած ուելսցիների աշխարհազորը, որը բաղկացած էր 400-ական կին և տղամարդ տեղաբնակներից, ովքեր կարմիր բաճկոններ և սև գլախկներ հագած դուրս եկան Թեյթի ամբոխատիպ բանակի դեմ: Թեյթը ոչ միայն մարտի չբռնվեց «անգլիական բանակի» հետ, այլև միանգամից հանձնվեց:

Մինչ Նապոլեոնը ջանում էր գրավել Եգիպտոսը, նրա զորքերը Եգիպտոս հասցրած նավատորմը հանգիստ խարիսխ էր գցել Աբուկիրի ծոցում, որը Ալեքսանդրիայից արևելք է գտնվում: Չնայած նրան, որ Բոնապարտի ներկայությունը Եգիպտոսում ուղղակիորեն հարվածում էր Անգլիայի միջերկրածովական հեգեմոնիային ու առևտրին, ֆրանսիական նավատորմի ղեկավարները չէին հավատում, որ տեսանելի ապագայում կենթարկվեն հարձակման՝ անգլիացիների կողմից:
Այնուամենայնիվ, 1798 թվականի օգոստոսին, լեգենդար անգլիացի ծովակալ Հորացիո Նելսոնի ղեկավարած անգլիական նավատորմը մոտեցավ ֆրանսիականին: Ֆրանսիացիները կարող էին ժամանակին արձագանքել, եթե բարեհաճած լինեին դիտորդներ տեղակայել ափի երկայնքով, բայց նրանք դա չէին արել, իսկ ֆրանսիական դիրքերը թույլ էին: Ֆրանսիական 13 ռազմանավերը գծով շարված էին ծոցի երկայնքով, ու նրանց միջև բավականին մեծ արանքներ կային: Առափնյա հրետանին էլ անօգուտ էր, որովհետև ֆրանսիացի ծովակալ Բրյուեն նրանց հասանելիության տիրույթից դուրս էր խարիսխ գցել: Բացի դրանից, ֆրանսիացի նավաստիներից շատերը տառապում էին հիվանդություններից ու կորցրել էին իրենց մարտունակությունը:
Նելսոնը ժամանեց մթնշաղով և միանգամից գրոհ ձեռնարկեց և այն այնքան անսպասելի էր, որ ֆրանսիացիները ներկով ու յուղով լի տարաները թողել էին ֆրանսիական նավատորմի ֆլագմանի տախտակամածի վրա: Նելսոնի նավերը հմտորեն խուսանավում էին ֆրանսիական նավերի արանքում՝ անդադար կրակ տեղացնելով դրանց վրա: Արդյունքում, արձակված արկերից մեկը հրդեհեց ֆլագմանի տախտակամածի վրա գտնվող յուղով լի տակառները, ինչից նավը անմիջապես բռնկվեց և վերացրեց ֆրանսիացիների մոտ կազմակերպվածության վերջին նշույլները: Օրվա վերջում Նելսոնը գրավել կամ խորտակել էր ֆրանսիական 13 նավերից 11-ը՝ չկորցնելով ոչ մի նավ, և տալով ընդամենը մի քանի հարյուր զոհ ու վիրավոր:
Նապոլեոնի մերձավորարևելյան արշավանքը կանգ առավ Եգիպտոսում, իսկ ֆրանսիական բանակի գեներալները շուտով թողեցին իրենց զինվորներին բախտի քմահաճույքին, ովքեր էլ ի վերջո հանձնվեցին Անգլիային:
Շարունակելի...