14:58 , 14 մարտ, 2014
Մի շատ անհեթեթ թեզ են ուզում ներդնել մեր արևմտապաշտները՝ կապված Ղրիմի հարցի հետ: Այն է՝ Ղրիմը Արցախ չէ ու ոչ մի ընդհանրություն չկա:
Ավելի ու ավելի եմ հակվում այն կարծիքին, որ արևմտյան մտածելակերպով, իսկ երբեմն էլ հպատակությամբ, մեր հասարակության ներկայացուցիչների ուղեղները արդեն մթագնել է Արևմուտքի շուքից, պերճանքից ու քարոզչությունից: Սա իրականում պատմական շանս է հայերս համար՝ օգտվելու մի նախադեպից, որը հնարավորություն կտա հետագայում անել այն, ինչ չենք կարեցել այս 20 տարիների ընթացքում մարսել ու վերջապես մեզ միավորել մեր բազմաչարչար Արցախ աշխարհը:
Արցախյան ու Ղրիմյան հիմնախնդիրները երկվորյակ քույրեր են: Երկուսի դեպքում էլ կա իրավիճակ, երբ տարածաշրջանը, որը երբևիցե չի պատկանել տվյալ երկրին, միացվել է այդ երկրին՝ ԽՍՀՄ առաջնորդների քմահաճույքով: Երկու իրավիճակում էլ տվյալ տարածաշրջանների բնակչությունների մեծամասնությունը պատկանում են տվյալ էթնոսի, որի հայրենիքը նոր երկիրը չէ, այլ այն, որից օտարվել են այդ տարածքները, և երկու խնդիրներում էլ ժողովուրդը ուզում է վերամիավորում իր պատմական հայրենիքի հետ:
Հիմա հասկանում եմ, երկրորդական դետալներով տարբերություններ կան, բայց վերոնշյալ երեք նյուանսները ֆունդամենտալ են և ամենակարևորը, բայց սա չեն հասկանում մեր արևմտամետները, որովհետև կա Ռուսաստանի գործոն, իսկ Ռուսաստանի անունը մեր լիբերալների վրա ազդում է՝ ինչպես կարմիր շորը՝ ցլի:
Էյնշտեյնն ասում էր, որ եթե տիեզերքի անսահմանությունը դեռ կասկածներ է հարուցում, ապա մարդկային հիմարության անսահմանությունն անկասկած է: Հիմա մնում է հուսալ, որ մեր արևմտամետների ռուսատյացությունը չի բերի անսահման հիմարության, իսկ եթե բերի էլ, ապա հուսանք, որ այն աննկատ կմնա այլ շահագրգիռ կողմերի համար, ովքեր կարող են դա մեր դեմ օգտագործել: