14:41 , 14 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանը վաղուց ստացել է Երևանում 55 սպասարկող կազմակերպությունների կողմից ուղևորափոխադրումների մասին տվյալներ, և տրանսպորտի սակագնի նոր թիվը հայտարարելու համար անհրաժեշտ է կատարել մեկ մաթեմատիկական գործողություն՝ այդ թվից հանել ծախսերը:
«Տուն տուն մի՛ խաղացեք, կանգնե՛ք, մարդկանց երեսին տղամարդավարի թիվը ասեք, որովհետև, իրենց տերմինով եմ ասում, դաշտային աշխատանքները ավարտված են, դժվա՞ր է իրար կողքի գրել էդ երկու թիվը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Նա նշեց, որ քաղաքապետարանն արհեստականորեն ձգձգում է հարցը: Այսինքն՝ ոչ մի հիմք չունի՝ տրանսպորտի ուղեվարձի գնագոյացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նիստը չգումարելու համար:
Միության փոխնախագահ Աշոտ Արշակյանն էլ նրան լրացրեց՝ ասելով, որ այդ նոր ուսումնասիրության կարիքը չկար, որովհետև երկու տարի առաջ նման ուսումնասիրություն կատարվել է, և ընդամենը պետք է այդ թվից հանել Հայաստանից երկու տարվա ընթացքում արտագաղթած քաղաքացիների թիվը:
Ուղևորափոխադրողները հայտարարեցին, որ այդ սակագինն է 200 դրամը՝ մեկ ուղևորի համար, սակայն իրենք դեմ են այդ բեռը ժողովրդի ուսերին դնելուն, ուստի առաջարկում են լուծումներ՝ կա՛մ հարկային դաշտում հարկային բեռի թեթևացում, կա՛մ ՝ դոտացիա, որը տրվում է մետրոպոլիտենին ու տրոլեյբուսային պարկին, չնայած երկուսում էլ ուղևորավարձը թանկացել է՝ ի տարբերություն երթուղայինների:
«Թող ինքնարժեքով վառելիք տան՝ հարկային դաշտը թեթևացնեն, «Երևանտրանսի»-ի հետ պայմանագրային վարձի չափը պակասեցնեն, եթե դա կբավարարի, մենք կշարունակենք աշխատել 100 դրամով»,- հայտարարեց Հրանտ Եղիազարյան ու ավելացրեց. «Երկիր մոլորակի վրա՝ ամբողջ աշխարհում մայրաքաղաքային տրանսպորտը ոչ շահութաբեր բիզնես է, ուր մնաց թե այս «քյասիբ» երկրում»:
Գծատերերի փաստարկները նույնն են՝ 90–ական թվականներից ամեն ինչ մի քանի անգամ թանկացել է՝ էլեկտրաէներգիա, մեքենաներ, յուղեր, պահեստամասեր, ամեն ինչ, կյանքը, բայց ուղևորավարձը մնացել է նույնը՝ 100 դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ