Տղամարդկանց քնի պակասը կարող է նույնիսկ իմպոտենցիայի հանգեցնել. մասնագետ


14:35 , 14 մարտ, 2014

 1in.am-ը գրում է.

Քունը ակտիվ նեյրոհորմոնալ գործընթաց է, որի խախտումը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քնի շնչառական խանգարումների կենտրոնի մասնագետ Ցիալա Ուստյանը: 

«Քնած ժամանակ շնչառական խախտումներից են խռմփացնելը, տասը վայրկյանից ավել շնչառական դադարները և շնչարգելության զգացումով արթնանալը: Սրանք ախտանիշներ են, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Առողջ քուն չունեցող մարդը չի կարող առողջ մարմին ունենալ և հակառակը: 

Քնի խանգարումները առաջին հերթին բերում են կենտրոնացման թուլացման: Ավտովթարներ, օրինակ, ավելի հաճախ տեղի են ունենում քնի խանգարում ունեցող վարորդների դեպքում»,- ասաց նա:
Ցիալա Ուստյանի խոսքով՝ քնի պակասը, մի շարք խնդիրների թվում, կարող է չկարգավորվող ճնշման պատճառ հանդիսանալ: «Քնի պակասի հետևանքով կարող են առաջանալ մի շարք սիրտանոթային հիվանդություններ, կարող է տուժել տղամարդկանց սեռական ֆունկցիան. լիբիդոյի նվազում, ընդհուպ՝ իմպոտենցիա»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ քնի խանգարման դեպքերով դիմողները փոքր թիվ չեն կազմում:

Ասուլիսի մյուս բանախոս՝ կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյանը իր հերթին նկատեց, որ քնի պակասը կարող է բացասաբար ազդել անձի հոգեկան առողջության, աշխատանքի արդյունավետության վրա: «Հոգեբանական տեսանկյունից անքնության մղող ռիսկային գործոններ են սթրեսները, դեպրեսիաները, գերհոգնածությունը, հոգեկան տրավմաները և տարբեր հիվանդությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով երազների թեմային՝ հոգեբանը նկատեց, որ հոգեկան ապրումների և երազների բովանդակության մեջ խոր կապ կա: