14:10 , 14 մարտ, 2014Lragir.am-ը գրում է.
Անցած տարվա նոյեմբերի կեսերից մինչև այս տարվա մարտ կտրուկ աճել է բնակարանային գողությունների թիվը Երևանի Արաբկիր համայնքում: Գողության քսանից ավելի դեպքերը արձանագրվել են Արաբկիրի հետևյալ փողոցներով պարփակված թաղամասերում՝ Արամ Խաչատրյան, Կոմիտաս, Հրաչյա Քոչար, Սունդուկյան, Ավետ Ավետիսյան, Գայդար, Գալուստ Գյուլբենկյան, Վաղարշյան, Փափազյան, Նաիրի Զարյան, Բաբայան, Ազատության պողոտա: Արձանագրված դեպքերի մեծամասնությունը աչքի է ընկնում միևնույն ձեռագրով՝ գողերը մուտք են գործում բնակարան տիրոջ բացակայության ժամանակ, դուռը բացում են հարմարեցված բանալիներով, որևէ կոտրած դռան կամ պատուհանի դեպք չի արձանագրվել:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գողությունները կատարվում են կազմակերպված հանցավոր խմբի կողմից: Բնակիչներից ոմանք պնդում են, որ գողերը գործում են ըստ հետևյալ սխեմայի՝ նախապես շրջում են շենքերի մուտքերում կամ բակերում, գտնելու համար բնակարաններ, որոնց տերերը ժամանակավորապես չեն զբաղեցնում դրանք՝ բացակա են երկրից կամ պարզապես աշխատանքի են կամ այլ վայրում: Նրանց համար կողմնորոշիչ նշաններ են երեկոյան ժամերին չլուսավորված պատուհանները, իսկ ցերեկը՝ անաղմուկ բնակարանները:
Եղել են դեպքեր, երբ որոշ բնակիչների դռները թակել են կամ զանգել, և երբ պարզվել է, որ տերը տանն է, մի անհեթեթ պատճառ բերելով, օրինակ՝ իբր դուռն են շփոթել կամ մուտքը, հեռացել են, սակայն բառացիորեն ժամեր անց պարզվել է, որ թալանվել է «ստուգայց» կատարած բնակարանի վերևի կամ ներքևի բնակարաններից մեկը:
Բնակիչները եզրակացնում են, որ նախապես դուռը թակելը կամ զանգելը պարզապես ստուգման միջոց է, իմանալու համար՝ արդյոք տանը մարդ կա, թե ոչ: Դատարկ բնակարան գտնելիս, նրանք շատ արագ մուտք են գործում, վերցնում հասանելի վայրերում եղածը (ընդ որում միշտ չէ, որ գողոնը նյութական մեծ արժեքի է՝ եղել են նույնիսկ դեպքեր, երբ գողացվել է սպիտակեղեն և ամանեղեն) և արագ հեռանում: Որոշ արաբկիրցիներ իրենց բակերում նկատել են շենքերի լուսամուտները զննող կամ մուտքերում դեգերող երիտասարդների:
Ցավոք, գողության բոլոր զոհերը չեն, որ դիմել են ոստիկանություն՝ մտածելով, որ միևնույնն է ոստիկանությունը ոչինչ չի բացահայտի: Լինելով արաբկիրցի և հեռու ու մոտիկ շրջապատիս մեջ՝ վերոնշյալ փողոցներում արձանագրված այս դեպքերը հաշվի առնելով՝ ցանկացա լրատվական հարթակի միջոցով զգոնության կոչ անել արաբկիրցիներին և ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի յուրաքանչյուրն իր տեղում և իր գործառույթի մեջ զգոնություն և աչալրջություն դրսևորի՝ կանխելու և պատժելու նմանատիպ հանցագործությունները: Ոստիկանությանը խնդրում եմ վերոնշյալ թաղամասերում, ինչպես և Երևանի բոլոր թաղամասերում, նշանակել շրջիկ հետիոտն պարեկային խմբեր՝ բակերի և թաղամասերի անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Կարծում եմ, որ բնակիչները դրանից միայն շնորհակալ կլինեն Ոստիկանությանը: