13:58 , 14 մարտ, 2014
ԱՄՆ-ում տեղի ունեցած Օբամա-Յացենյուկ հանդիպմանը հետևած մամուլի ասուլիսին թույլ չեն տվել մասնակցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչին միանգամից կտրուկ արձագանքել է ՌԴ ԱԳ-ն:
Ճիշտն ասած, ինձ զարմացրել է ԱՄՆ-ի կողմից արված այս անխոհեմ քայլը, որովհետև այն միայն թուլություն է ու անվստահություն է խորհրդանշում: Եթե ամերիկյան ու մերձամերիկյան լրատվամիջոցները ընթացող տեղեկատվական պատերազմում ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մերկացնեն ռուսական լրատվական դաշտի «Կիսելյովածին դիմքը», ապա առավել քան տարօրինակ է, թե ինչո՞ւ են նրանք վախենում այդ դեմքից: Այդ ի՞նչ հարցեր պետք է տային ռուս լրագրողները, որ նրանց մասնակցությունը խիստ անցանկալի է:
Մինչդեռ, իրավիճակը հասկանալի է ու ամոթալի՝ ԱՄՆ-ի համար: Նրանք շատ լուրջ սխալներ էին թույլ տվել իրենց հաշվարկներում, երբ գործարկել էին Ուկրաինայում ֆաշիստա-օլիգարխիկ հեղաշրջում, որովհետև նրանք չէին հավատում, որ Ռուսաստանը վստահություն ու կամք կդրսևորի, իսկ ռուսական մեդիա դաշտը ադեկվատ կգործի էսկալացված տեղեկատվական պատերազմի պայմաններում:
Թերագնահատեցին ու բախվեցին մի իրավիճակի, երբ օր-օրի ավելի դժվար է դառնում թաքցնել նոր ուկրիանական իշխանության բանդերա-ֆաշիստական դեմքն ու օլիգարխական փորը: Դժվար է դառնում թաքցնել, որ Արևմուտքը պակաս անմասն չի եղել արյունահեղությունների ու կոնֆլիկտի խորացման հարցում, քան Ռուսաստանը: Դժվար է դառնում առհասարակ ծաղրի ու ապատեղեկատվության միջոցով չեզոքացնել ռուսական լրատվամիջոցների գործոնը, ինչպես դա արվեց, օրինակ, նույն 2008 թվականի պատերազմում:
Ընդհանրապես, այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ում չեն էլ հասկանում, թե ինչի մեջ են խրվել ու ինչ գազանի էն գրգռել: Գիտակցումը նոր է գալիս, ու այն սարսափեցնում է, դրա համար էլ հետևում են այնպիսի քայլեր, որոնք ամենևին էլ հատուկ չէին վերջին գերտերությանը, ու առաջին անգամ 1985 թվականից ի վեր ԱՄՆ-ը հայտնվում է բավականին կաշկանդված իրավիճակում, և անգամ չի կարելի ասել, որ մշտապես պահպանում է նախաձեռնողականությունը: