11:00 , 14 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ներքաղաքական զարգացումների, քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձևավորելու մասին Panorama.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում ուժերի միջև, այսօր էլ, հավանաբար, ԲՀԿ-ի հետ կհանդիպի նաև «Ժառանգության» պատվիրակությունը: Ի՞նչ կարող են տալ այդ քննարկումները:
-Նայած թե ինչ տեղի ունենա: Եթե իսկապես միավորում տեղի ունենա, միասնական օրակարգ ու ճանապարհային քարտեզ ընդունվի, որը մեր քաղաքացիների շահերը կարտահայտի, ապա այդ դեպքում, կարծում եմ, երկրում օրակարգ, կառավարման համակարգի մեթոդաբանություն կփոխվի: Դա բոլորիս ցանկությունն է` հասարակությունը արմատական բարեփոխումներ է պահանջում կառավարման համակարգում, իսկ դա առանց իշխանափոխության լինել չի կարող, քանի որ իշխանությունները այս տարիների ընթացքում բոլոր հնարավորություններն ունեին այդ բարեփոխումները կյանքի կոչելու, բայց որևէ քայլ այդպես էլ չարեցին: Նույնիսկ կարելի է ասել, որ ի տարբերություն նախկինի, իշխանությունները որոշ դեպքերում նույնիսկ բացահայտ ստի դիմեցին` նկատի ունեմ գազի պայմանագրի հետ կապված պատմությունը: Իշխանությունը տեսնում է, որ այլևս չունի ոչ միայն կեղծիքների զինանոցը, այլև անցել է բացահայտ ստի, ուստի այս պարագայում, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում պարզ է դառնում, որ իշխանությունները բարեփոխումների գնալու որևէ ցանկություն չունեն:
Շատ հետաքրքիր էր Վերահսկիչ պալատի հետ կապված պատմությունը. նախագահը մինչև այդ «ատկատների» անթույլատրելիության մասին էր խոսում, ինչը ասում է, որ դա գոյություն ունի, բայց երբ ընտրություններն ավարտվեցին` այլևս ՎՊ նախագահի կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չէր և հիմա էլ բերել են օրենսդրական նախաձեռնություն, որով, ըստ էության, ՎՊ-ին թողնում են բացառապես վիճակագրի ֆունկցիա: Մինչդեռ ՎՊ մեթոդաբանությունը հենց քաղաքական գնահատականներ տալու մեջ է, բյուջեի վերահսկողությունը չի կարող ապաքաղաքական լինել: Ինչպե՞ս կարող է ՎՊ-ին զրկել քաղաքական գնահատական տալուց, և եթե այդպես է, ապա պետք է ՎՊ-ն փակել և այն հսկայական գումարները, որ տրվում են այդ կառույցին ուղղակի տնտեսել: Հակառակ պարագայում դա լինելու է անֆունկցիոնալ մարմին:
Մի խոսքով, ես կարծում եմ, որ եթե ժողովրդի պահանջած միասնականությունը ստացվի, ապա երկրում կարելի կլինի քաղաքական օրակարգ ու իրավիճակ փոխել և բերել մի այնպիսի իրավիճակի, որ մեր մոտ ստեղծվի հնարավորությունների ընձեռում մեր քաղաքացիներին, ինչն այսօր գոյություն չունի և միայն մի քանիսն են, որ ունեն այդ հնարավորությունները: Միասնականությունը շատ կարևոր է, այն կարող է բան փոխել:
-Բայց այդ միասնականության ձգտման մեջ Դուք իսկապես տեսնում եք ինչ-որ բան փոխելու ցանկություն, թե ամեն ուժի մոտ առկա է վերմակն իր վրա քաշելու, դիվիդենտներ շահելու ցանկությունը, որը նախկինում տեսել ենք:
-Ընդհանրապես քաղաքական ուժի վերմակն իր վրա քաշելու ցանկությունը շատ նորմալ եմ գնահատում, դա բնական է: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ վերմակը պետք է քաշես այն ժամանակ, երբ այն կա: Երբ վերմակը չկա, ի՞նչն ես քաշում քո վրա: Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ քաղաքական ուժերը չունեն այդ վերմակը և հատկապես այդ խորհրդարանական քառյակի, քաղաքացիական հասարակության պարագայում մենք դեռ ոչինչ չենք ստացել, բայց փորձում ենք կարծես թե ինչ-որ դիվիդենտներ շահել: Այդպիսի իրավիճակ ուղղակի լինել չի կարող, որովհետև պարտվելուց պարտվելու ենք բոլորս, որովհետև ՀՀԿ-ն ևս պարտության մեջ է, որովհետև եթե որպես կուսակցություն դիտարկենք, ապա տեսնում ենք, որ ՀՀԿ-ն դարձել է ադմինիստրատիվ ռեսուրսի կենտրոն: Եվ պարզ է, որ ինքը, որպես քաղաքական միավոր, ատրոֆիայի է ենթարկվում, ընդդիմադիր կուսակցություններն էլ ատրոֆիայի են ենթարկվում, որովհետև չեն կարողանում ընտրությունների մասնակցել: Ուստի վերմակ, որպես այդպիսին գոյություն չունի, էլ չեմ խոսում նրա մասին, որ այսպես շարունակվելու դեպքում բոլոր քաղաքական ուժերը լրիվ լուսանցքում են հայտնվելու և մնալու է միայն մեկ ԽՄԿԿ` ադմինիստրատիվ ռեսուրս` դա կլինի Հանրապետական անուն կրող, թե մեկ այլ այս դեպքում նույնիսկ էական էլ չէ: Բայց ցանկացած պարագայում այդ փակ վիճակին է հասնելու` ոչ միայն տնտեսական դաշտի մոնոպոլացում, այլ նաև քաղաքական դաշտի:
Բայց ես հույս ունեմ, որ գործընկեր կուսակցությունները հասկանում են, որ առաջին հերթին այդ վերմակը պետք է ստեղծվի և հետո նոր սկսենք ամենքս փորձել մեր վրա քաշել այն: Իսկ քանի դեռ այն չկա, կարծում եմ իրար վրա քաշելու խնդիրն էլ չկա: Եվ այս պահին ես տեսնում եմ, որ հարաբերությունները նորմայի շրջանակում են, անկախ որոշ արտահայտությունների ու դրվագների, ընդհանուր առմամբ միասնականության ուղղությամբ փորձում են առաջ շարժվել: Բայց խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի օրակարգ է լինելու, որի շուրջ այսօր քննարկումներ են ընթանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ