06:56 , 14 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Մեծ քաղաքներն ունեն կենսաժամացույց, որը չես կարող բռնել ու կախել հրապարակների քթից։ Այդ ժամացույցն աշխատում է քաղաքի ամենանշանավորների կենսառիթմերով և ցույց է տալիս ոչ թե ժամը, այլ՝ ժամանակը։ Իսկ այդ ամենանշանավորներին ինքը՝ քաղաքն է ընտրում։ Ինքը գիտի նրանց դեմքով, գիտի, որ սրանք ցրում են քաղաքի թթվահոտը, չեն թողնում, որ քաղաքը նեխի միօրինակության իր ճահճում. նրանք՝ ծաղկավաճառ, թե երգիչ, կարող են քաղաքի մազերից բռնել և նրան դուրս բերել բոլոր խայտառակություններից, մի խոսքով կամ մի ժեստով, անգամ իրենց բազմանշանակ լռությամբ։
Դիզեք հոծ խմբեր, բերնեբերան լցրեք քաղաքի բոլոր մայրուղիները, գոռացեք, որքան ուժ ունեք, թափահարեք ամբոխին, քանի դեռ այն թափահարվում է, միևնույն է՝ ելքը խցանված է։ Պետք է գտնել կորցրած կենսառիթմերը, հակառակ դեպքում քաղաքի կենսաժամացույցը դատարկ ժամանակ է վկայում՝ սփռելով ձանձրույթ և հատկապես՝ դեպրեսիա։ Մեծ դեպրեսիա։ Ցանկանում էի այս հարցերի մասին խոսել Ռուբեն Հախվերդյանի հետ, բայց բոլորովին այլ բան եկավ գլխիս...երևի գլխիցս էր։
–Բարև, Ռուբ.....վայ, ասացի ու վախեցա։
–Վախեցա՞ր։
–էն հայտնի «Բարև Ռոբը» հիշեցրեց…
-Власть черни. այսպես է կոչվում այս ժամանակը։
-Իսկ մեր այս ժամանակից ինչ կմնա՞։
–...էս խառը–խուռը ժամանակից՞. աղմուկ և կատաղություն։
–Իսկ երգեր, վերքեր, դեմքե՞ր...
–Դեմքերից կմնա գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը, կոմպոզիտոր Ավետ Տերտերյանը...
-Դե նրանք գնացին, բա մեր գյուղում իսկի մի կենդանի շոֆեր չկա՞։ Նոր կոմպոզիտոր, նկարիչ, գրող...
–Ես նոր կոմպոզիտորներից, գրողներից անտեղյակ եմ, չգիտեմ։
-Լավ. արի ուրեմն հակառակ երեսը նայենք. հիշարժան չարագործներ ու չարագործություններ. ովքե՞ր են մեր ժամանակի ամենաազդեցիկ չարագործները. ո՞ւմ կցցի այս ժամանակը:
-Այնքան չարագործ ու չարագործություն կա, ո՞ր մեկը հիշես։ Մարդը տեղով մեկ ինքնաոչնչացվող կենդանի է։ Սա արդեն պատերազմի մոլորակն է, զենքերն են նորանում, բռնության տեխնոլոգիաները, պատերազմի ձևերն են փոխվում ընդամենը։ Եթե առաջ ձեռնամարտ կամ ձյուդո էր, հիմա մարտեր են առանց կանոնների:Եվ դա նախևառաջ վերաբերում է քաղաքականությանը:
–Դե հիմա քաղաքականությունը մկաններ ցուցադրելու ամենահարմար մանեժն է արդեն, քաղաքականությունն իսկապես, սպորտաձև է դարձել, չէ՞։
–Չէ, սպորտում օրենք, խաղի կանոններ կան, իսկ ստեղ, նոր ասի՝ առանց կանոնի մարտեր են։ Դիպլոմատիկ կիրթ զրույցներն արդեն ոչինչ չեն տալիս էդ քաղաքականությանը, միայն ուժի դիրքերից մռութներ են ջարդում։
-Մարդիկ փոխվո՞ւմ են, օրինակ` դու շա՞տ ես հեռացել քո կերպարից:
- էդ բանը կարող է ասել մի մարդ, ով ինձ կողքից է նայում, չգիտեմ: Նենց հարցեր ես տալիս...հիմա լավ կլինի՞, բռնեմ էդ նույն հարցը քեզ տամ։
-Ուզում ես՝ տուր։ Ես հատուկ մի մեթոդ ունեմ դա պարզելու, առանց սխալանքի, անվրեպ աշխատում է։
–Ինչ էլ բառեր ես ասում. անվրե՜պ, սխալա՜նք: Իմացի աշխարհում անվրեպ և առանց սխալանքի բան, այն էլ աշխատող բան, գոյություն չունի։
– Չգիտեմ, ես իմ տեսած երազներով եմ հասկանում որտեղից ուր ընկա։ Դրանց սցենարները, այդ երազների դրամատիզմն ինձ առավոտյան ահագին բան է ասում իմ մասին։ Եվ համարյա պատիժ է, երբ երազ չեն տեսնում։
-Ես էդպիսի բարդ բաներ չեմ հասկանում, զգում եմ միայն, որ ծերացել եմ և կանանց ավելի փիլիսոփայորեն եմ նայում, որպես ուղղակի որձ։
–Շա՞տ են չարչարել նրանք Ձեզ:
-Հավիկներ են նրանք, ո՞նց կարող է հավը չարչարել, չէ ուղղակի ծերանում ես և հաճույքով չես անում այն գործողությունները, ինչն առաջ հաճույքով էիր անում:
- Իգական համայնքը Ձեզ չի ների։ Սովորաբար, վերջին տպավորություններով են մեծ ընդհանրացումների հանգում. Ճակատագրի բերմամբ, Ձեր տեսած ամենավերջին կինը ես եմ ու մեռնեմ, չեմ հասկանա, թե իմ ինչն է հավիկային։
-Ամենավերջին կին չի լինում հետո էլ մի սպառնա, թե կմեռնես, դա մի օրիգինալ բան չի, բոլոր մարդիկ ծերանալու և մեռնելու հատկություն ունեն:
-Անմահություն ցանկանանք մեր թշնամիներին ու անցնենք ոգեղեն թեմաներին։
–Ոգեղենը ո՞րն է, ես այդպիսի բաներ չգիտեմ, ես շատ պարզ մարդ եմ։
-Հենց հիմա ասեմ. օրինակ՝ առաջ որքա՞ն էր պետք խմել ընտիր հարբելու համար, իսկ հիմա՝ որքա՞ն է պետք այդ թնդությունը տեղը պահելու համար...
-Դե առաջ կարողանում էի շատ խմել, հիմա՝ չէ, կարողանում էի շատ կենակցել, հիմա՝ չէ, առաջ կարողանում էի շատ վազել, հիմա՝ չէ, սա օրգանիզմի մաշվածության հետևանք է...
–Շուտ չե՞ք հանձնվում։
– Չէ, ոնց որ մեքենան է տարիների ընթացքում մաշվում, այդպես էլ մարդն էլի, այդպես չի՞։
-Ես այդքան հասուն չեմ այդ հարցին պատասխանելու համար, ինձ դրա համար առնվազն մի 40 տարի պետք է. բայց, չեմ հասկանում, մարդկային սիրտն ու հոգին էլ է ծերանում, ի՞նչ է։
-Ոչ, ես նույն բաներն եմ մտածում մարդկանց ու կյանքի մասին, ինչ 7 տարեկանում էի մտածում։ Բոլորովին չհամեմատվելով Մոցարտի հետ, չմոռանանք, որ ինքն իր ռեքվիեմը սկսել է գրել 11 տարեկանում։
-Դե մի քիչ էլ ուշացներ, չէր հասցնի կյանքի վերջում ավարտել:
–Հա... . Էնքան եմ ասել արդեն զզվել եմ, որ ստեղծագործությունը մի բան է, որ վերևից է գալիս, մարդը փոխանցող ա, հնարող չի, հնարում է Աստված:
-Այսինքն՝ Դուք Ձեզ համար անմեղ-անմեղ նստած եք, մեկ էլ՝ թըրըմփ՝ երգը երկնքից ընկնում է ուղիղ Ձեզ վրա։ Իսկ չի լինո՞ւմ այնպես, որ Արարիչը պատժի թամբալության կամ հարակից այլ արատների համար և էլ երգեր չուղարկի վերևից:
-Ինձ բոլորովին չի հետաքրքրում դա. ես սիրում եմ իմ մանր հաճույքները, իմ նեղ ընկերական շրջապատը, մեր փոքրիկ բամբասանքները:
-Բամբասանքնե՞րը, փաստորեն ոչ մի մարդկային բան խորթ չէ՞ տղամարդկանց:
-Դու չգիտե՞ս, որ դա համամարդկային բան է, վիճակագրություն կա, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են բամբասում:
–Խոստովանությունը մեղքից առնվազն մի բուռ վերցնում է։
–Չէ, բամբասանքը մեղք չի, հակառակը ստեղծագործական ազնիվ պրոցես է։
–Լավ, պայմանավորվեցինք, իսկ քաղաքից թթված հոտ չեք առնում, էն որ գարնան շեմին ձմեռային թթվի կճուճները թափում են, է...այ, էդպիսի մի հոտ։
-Հակառակը, մեր քաղաքը գնալով հենց անհամ ու անհոտ է դառնում։ Այստեղ տգետները ղեկավարում են խելացիներին, իսկ խելացիներն էլ աշխատում են փախչել ստեղից:
- Ամենավերջին քյալլագյոզն էլ չի կարող կործանել կամ տանուլ տալ երկիրը, եթե նրա տարածքը զբաղեցնում են առողջ, մտածող քաղաքացիները։ Եթե Ձեր խոսքը մեր կառավարիչների մասին էր, ապա թող նրանք լինեն մի հազար հոգի, և եթե նրանց կեսն անգամ տգետ լինի, միևնույնն է , խոսքը մի 500 մարդու մասին է, չէ՞։ Ի՞նչ է, այդ մի քանի հարյուր մարդը կարող է չոքացնել մնացած 3 կամ 2 միլիոնին։
-Միայն իրենք չեն, նրանք գավառներից գտել ու տեղ են հասցրել իրենց նման մտածող հազարավորների, ովքեր իրենց ճաշակը փաթաթեցին այս քաղաքի վզին: Օրինակ՝ ճարտարապետությունն աղբ է, որից շատ բան է կախված, դա ազդում է մարդու վրա, նրա բոլոր զգայարանների վրա: Շատ դեպքերում, եթե նկատել եք, թուրքական, քարվանսարայական երաժշտությունը բեմ են հանում հենց նրանց հովանավորությամբ: Դա իսկի քեֆի երաժշտություն չի, բայց բեմ են հանում այն, ինչն արվեստ չի։ Գնաց պրոֆեսիոնալների ջարդ, մեկը կարող է բերի իր հորեղբոր տղուն և նստացնի մինիստրի պաշտոնին:
-Բոլորս լավ նկարագրողներ ենք, անալիզներն առած իրար ենք հանձնում, վերջում էլ համարյա մահամերձի էպիկրիզով, թունավորված դուրս գալիս մեր բացած զրույցների միջից։ Իբր ջոկել ենք, թե ինչ է կատարվում մեզ հետ...բա հետո՞, բա մենք ինչ ենք անում, թե չէ, «ինձ իմ հայաթում տփեցին» պոզան արդեն խղճահարություն էլ չի առաջացնում։
-Քիչ առաջ ես կարծեմ ասացի, որ արդեն ծեր եմ, ինչ ես եմ արել ժամանակին, դա հերիք է, մի բան էլ ավելի, հիմա ես ուզում եմ վայելել իմ վաստակած ծերությունը ...
-Գնա՞մ գրեմ՝ Ռուբեն Հախվերդյանը քաղաքը հանձնում է վաստակած ծերության անցնելու կապակցությամբ։
- Հարգելիս, ես կոմունիստների այլանդակությունները քննադատել եմ, Լևոնի ժամանակ՝ նույնպես, Ռոբերտին էլ, գիտեք, նույնը: Այս մաշվածությամբ ես ի՞նչ է չեմ կարող ինձ թույլ տալ մի քիչ էլ հանգստանալ։
-Հավերժական ընդդիմություն...
-Զզվելի բան ասիր, ես ուղղակի չեմ սիրում տգեղ բաները, դա ուրեմն ընդդիմությո՞ւն է կոչվում, ես միշտ երբ տգեղ բան եմ տեսնում՝ ասում եմ սա տգեղ բան է:
-Լավ, եկանք, տեսանք...ասացինք, յախք, տգեղ է ու գնացինք տուն, հետո՞ ...
-Հետո չգիտեմ ինչ:
-Լավ, այսօր այս մազապուրծ արտագաղթն ինձ համար թերևս ամենատգեղ բանն է, օրինակ՝ մարդկանց ձեռքից էդ գաղթականի ցուպն ինչպե՞ս առնենք։
–Չէ, չես կարող, սկզբում չլսեցի՞ր, ինչ ասի՝ власть черни, власть черни...
–Բա երգն էլ ի՞նչ բանի ա, որ չի կարողանում ճամպրուկը կապած մի քանիսի սիրտը կակղացնել, երկրի հանդեպ հույս ու սեր տեղավորել նրա մեջ, չնայած պատրաստ եմ լսել քեզնից ամենաթարս խոսքը, բայց սիրտս կճաքեր, որ սա կուլ տայի։
–Խի՞ թարս, ուղիղ ասեմ. ես ինչ գրել եմ, Դուք ինձնից լավ գիտեք. եթե արդեն դա էլ չի ազդում, ուրեմն պրոբլեմը Ձեր մեջ փնտրեք։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ