19:04 , 13 մարտ, 20141in.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում:
Մարտի 11-ին Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների ղեկավարները, ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունները, նշել են հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, ծխախոտագործության, անասնապահության և խմելու ջրի մատակարարման ուղղություններով գրանցված հաջողությունները, իսկ առանցքային խնդիրների շարքից առանձնացրին դպրոցների շենքերի ոչ բարվոք վիճակը: Նոր Մարաղայի համայնքապետի խոսքով՝ Կանադահայ բարեգործների միջոցներով գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն: Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի սկսվելու են Նոր Մարաղայի և Նոր Հայկաջուրի դպրոցների շենքերի կառուցման աշխատանքները, իսկ Նոր Սեյսուլանի դպրոցի խնդիրը մնում է օրակարգում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի օրից կսկսվի նաև Նոր Հայկաջուրի և Նոր Կարմիրավանի խմելու ջրի կանոնավոր մատակարարումը, ինչը վերջին ամիսներին այդ համայնքների հիմնական խնդիրն էր դարձել: Ա. Հարությունյանը հորդորեց գյուղացիներին ավելի ակտիվորեն զբաղվել ոչ միայն հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, այլ նաև ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և պտղատու այգիների մշակմամբ, որոնց համար կառավարությունը ստեղծում է հարմար պայմաններ:
Գործադիրի ղեկավարն այդ օրվա հանդիպումներից հետո ներկա է գտնվել նաև Նոր Ջրաբերդի՝ վերջերս կառուցված էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը, որով ավարտվել է Մարտակերտի շրջանի էլեկտրաֆիկացումը:
Մարտի 12-ին տեղի ունեցած` Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ վերջինս ներկայացրել է կատարված աշխատանքները, որոնց շարքում առանձնացրեց ջրամատակարարման ցանցի կառուցումը: Խնդիրներից նա նշեց դպրոցի շենքի անհարմար պայմանները և ոռոգման ջրի պակասը: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ 2015 թ. կառավարությունն ի վիճակի կլինի ֆինանսավորել դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, իսկ ոռոգման ջրի խնդիրը, ըստ նրա, վերջնականորեն կլուծվի Թրղե-3 ՀԷԿ-ի շահագործմամբ:
Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ղեկավարը ձեռքբերումների շարքից նշել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը, ռուսաստանաբնակ բարերարների միջոցներով շուրջ 10 կմ ներհամայնքային ճանապարհի խճապատումը և բնակիչների՝ աշխատանքով ապահովվածության բարձր տոկոսը: Խնդիրներից բնակիչներն ու համայնքապետը նշեցին խմելու ջրի ներքին ցանցի ոչ բարվոք վիճակը և բնակարանաշինության անհրաժեշտությունը, որը պայմանավորված է գյուղի զարգացման ու ծնելիության աճի արագ տեմպերով: Իր խոսքում Ա. Հարությունյանը շեշտադրեց Հաթերքի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար և գոհունակություն հայտնեց համայնքի զարգացման աստիճանից: Վարչապետը տեղեկացրել է, որ խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները սկսվելու են 2016 թ.-ին, իսկ բնակարանաշինության խնդիրը լուծելու համար շուտով գյուղում կմեկնարկի հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ հաշվի առնելով բնակիչների վճարունակությունը և գյուղի կարևորությունը:
Ա. Հարությունյանը ներկա է գտնվել նաև Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի համայնքապետի հաշվետվությանը, այնուհետև ծանոթացել է Թրղե-3 ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներին:
Մարտակերտ քաղաքի համայնքապետի հաշվետվությամբ` բացի նոր կառուցված պոլիկլինիկայի սպորտդահլիճի շենքերից և բարեկարգման մի շարք աշխատանքներից, ավարտին են հասնում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները, որոնց համար տրամադրված է շուրջ 1.5 մլրդ դրամ: Խոսելով քաղաքի ռազմավարական ծրագրերի մասին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարեկարգվել է Ստեփանակերտ-Մարտակերտ ճանապարհը, իսկ ամենաուշը երկու տարուց կգործի Վարդենիս-Մարտակերտ ասֆալտապատ մայրուղին, որը մեծ խթան կդառնա քաղաքի զարգացման համար:
Բնակարանաշինությունը համարելով Մարտակերտի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը՝ վարչապետ Հարությունյանը ընդգծել է, որ քաղաքում գործում է հիփոթեքային ծրագիր, և շուտով նոր բազմաբնակարանային շենք կկառուցվի այնտեղ:
Բոլոր հանդիպումների վերջում բնակիչները հանդես են եկել հարցերով և առաջարկություններով՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ կառավարության ղեկավարի կողմից: