16:19 , 13 մարտ, 2014
Մայդանի հաղթանակը Կիևում որակապես նոր իրավիճակ է ստեղծել Եվրասիայի համար: Թեև դեռ վաղ է այդ մասին վստահորեն խոսելը, բայց ելնելով ուկրանական տարածաշրջանների բնակչության ձգտումների ու քաղաքական կողմնորոշումների խորացող տարբերությունից, կարելի է ենթադրել, որ սեփական բնակչության զգալի մասի կողմից Ուկրաինան այլևս չի դիտարկվում որպես միասնական պետական կազմավորում: Ազգային ու կրոնադավանաբանական հողի վրա այլատյացության աճը կանխող ներքին պատվարները փլուզվել են և, գնալով, ավելանում ու խորանում են բաժանարար գծերը: Այս իրավիճակում ազգային կամ կրոնական հողի վրա քաղաքացիական բնակչության հանդեպ գործադրած բռնության մեկ դեպքն անգամ կարող է հանգեցնել զանգվածային բախումների ու մեծ զոհերի: Դեպքերի նման զարգացումն ունակ է հանգեցնել նրան, որ Ուկրաինան, մասնակիորեն կամ ամբողջությամբ, վերածվի եվրոպական «Աֆղանստանի»՝ փոխակերպվի մի անվերահսկելի տարածքի, որը կդառնա զենքի ապօրինի առևտրի, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի, թմրանյութերի արտադրության և արտահանման հաշվին սեփական գոյությունը պահպանող տարբեր խմբավորումների վերահսկողության տակ գտնվող գոյացություն, ուր կգերիշխեն բռնությունն ու ամենաթողությունը: Այս «Աֆղանստանը» սահմանակից է լինելու Եվրոպական Միությանը և Ռուսաստանին ու կարող է գլխացավանք դառնալ այդ երկուսի համար էլ, սակայն դեպքերի այսչափ անբարենպաստ զարգացման պարագայում վերը թվարկված բացասական հետևանքները, մեծամասամբ, իր վրա կզգա հենց ԵՄ-ը` այն Ռուսաստանից ավելի մեծ ձգողական ուժ ունի, քանի որ հրապուրիչ է իր հարստությամբ ու, նաև, առնվազն բարոյական պարտավորություններ է ստանձնել Մայդանի կողմից ձևավորած իշխանության հանդեպ: