Գերտերությունները ցինիկ են ու հաշվենկատ, իսկ արանքում տուժելու է միայն Ուկրաինայի ժողովուրդը


15:29 , 13 մարտ, 2014

Գերտերությունները միշտ էլ ցույց են տվել, որ երկակի չափանիշները միշտ էլ ակտուալ են: Ուկրաինայում ստեղծված իրավիճակի միակ տարբերությունը այլ ճգնաժամային իրավիճակների համեմատ այն է, որ այս անգամ երկակի չափանիշներ կիրառում են բացարձակապես բոլոր ներգրավված կողմերը, այդ թվում նաև Ռուսաստանը:

Որպեսզի մեկընդմիշտ սերտենք այն պարզ իրողությունը, որ լավ ու վատ գերտերություններ չեն լինում, բավական է հիշել վերջին 30 տարիների մի շարք կարևորագույն իրադարձությունները, որոնք չաղ վերջակետ դրեցին միջազգային պայմանավորվածությունների հարատևության ու վստահելիության վրա:

Երբ Գորբաչովը հանձնում էր ԳԴՀ-ն ՆԱՏՕ-յին ու ստորագրում էր այլ պայմանագրեր, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն երաշխավորել էին, որ միավորված Գերմանիան կդառնա ապամիլիտարիզացված երկիր, իսկ ՆԱՏՕ-ն ոչ մի սանտիմետրով չի ընդարձակվի դեպի արևելք, մինչդեռ եղավ լրիվ այլ բան. ԽՍՀՄ-ը հանեց իր բոլոր զորքերը ԳԴՀ-ից, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն այնքան ընդարձակվեցին, որ անգամ նախկին խորհրդային հանրապետություններ մտան դրանց մեջ, էլ չխոսեմ Սոցիալիստական ճամբարի մասին:

Երբ Հարավսլավիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն օգտվելով միջազգային իրավունքի բարդ ու իրարամեժ համակարգի հակասականությունից, ուժային միջամտություն իրականացրեց այդ կոնֆլիկտի մեջ, որի արդյունքում Հարավսլավիայից անջատվեցին Խորվաթիան, Բոսնիան, Սլովենիան ու Մակեդոնիան: Հետո՝ մի քանի տարի անց, ՆԱՏՕ-ն (կարդա ԱՄՆ-ը) առանց ՄԱԿ-ի ԱԽ որոշման հարվածներ հասցրեց արդեն թուլացած Հարավսլավիային, որի արդյունքում երկիրը վերջնականապես ջլատվեց:

Երբ 2008-ին Վրաստանը ներխուժեց Հարավային Օսիա, թվում էր թե Ռուսաստանի հետ բոլոր կապերը խեղվելու են Արևմուտքի կողմից, սակայն ինչպես տեսան՝ ոչինչ էլ չէղավ ու Ռուսաստանը հանգիստ կուլ տվեց Հարավային Օսիան ու Աբխազիան:

Հիմա էլ նույն կեղծավորությունն ու դեմագոգիայի շղթան տեսնում ենք Ուկրաինայում, երբ Ռուսաստանը՝ դրոշակ դարձնելով ազգերի ինքնորոշման իրավունքը, շարունակում է լռել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ոչ պակաս Լեգիտիմ լինելու մասին, իսկ ժամանակին Հարավսլավիան ոչնչացնող ԱՄՆ-ը, ով արդարացնում էր դա նույն բոսնիացիների ու կոսովարների ինքնորոշման իրավունքի պաշտպանությամբ, էլի դարձել է տարածքային ամբողջականության սկզբունքի մոլի պաշտպանը:

Այս բոլոր պատմական նախադեպերը միավորվում են այն ցինիզմով ու հաշվենկատությամբ, որը դրսևորում են գերտերությունները, իսկ Հարավսլավիայի, Վրաստանի ու Ուկրաինայի օրինակներին կմիավորի նաև այն, որ արանքում տուժում են բացառապես այդ երկրների հասարակ ժողովուրդները: