Արմեն Ամիրյանի քույրը փողերը վերցրել է և անհետացել


02:16 , 13 մարտ, 2014

Արմեն Ամիրյանի քույրը փողերը վերցրել է և անհետացելHraparak.am-ը գրում է.

«Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է, Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել: Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում են, որ Անահիտ Ամիրյանը վաղուց չի երեւացել: Այցելուները շատ են:

 Բանն այն է, որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում: Նրանք մտավախություն ունեն, որ  հմայիչ «խմբագրուհին» պարզապես քցել է իրենց, սակայն, դատական քաշքշուկից խուսափելով, դեռեւս աղմուկ չեն բարձրացնում: Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանի պարտատերերը տասից ավելի են: Նրանց շրջանում մտավախություն կա, որ «Նե»-ի խմբագիրն առհասարակ Հայաստանում չէ, որ նա մեկնել է ԱՄՆ՝ իր որդու մոտ:

 Նրանք գումարներ են տվել Անահիտ Ամիրյանին, ճանաչելով նրան որպես գործարար կին եւ վստահ լինելով, որ կվերադարձնի փողերը, սակայն Անահիտը բոլորին «քաշել» է եւ անհետացել  պարտատերերի տեսադաշտից՝ առանց իր տեղը հայտնելու: «Նա վստահելի տպավորություն էր թողնում, որ ինքը գործունյա կին է, ասում էր, որ գործի համար եմ վերցնում, որ էն մարդը չի, որ խաբի: Չգիտե՞ք ոնց են նման դեպքերում ֆռռացնում»,- ասաց նրա պարտատերերից մեկը, սակայն խնդրեց չհրապարակել իր անունը, քանի որ չի ուզում խնդիրներ ունենալ իրավապահների հետ եւ դեռ սպասում է, որ Անահիտը կհայտնվի: Անահիտ Ամիրյանից տուժածները կապ են պաշտպանում իրար հետ: Մեր տեղեկություններով, նա գումարներ է վերցրել 800 հազար դրամից սկսած մինչեւ մի քանի մլն դրամ: Զարմանալի է, սակայն «Նե»-ի խմբագրին հաջողվել է նաեւ խոշոր վարկեր վերցնել 4-5 բանկերից, որոնց թվում է նաեւВТБ  բանկը:

 Չմարված  վարկերի առկայությունը չի խանգարել նրան նոր վարկեր ստանալու: Ընդ որում, Անահիտ Ամիրյանը երաշխավոր է կարգել այլ անձանց, եւ նրանք այժմ ստիպված են փակել «Նե»-ի խմբագրի պարտքերը, քանի որ Անահիտ Ամիրյանն արդեն մի քանի ամիս մուծումներ չի կատարում: Նրա պարտատերերը նախընտրում են լուռ վճարել գումարները նրա փոխարեն: «Ինչո՞ւ չեք դիմում իրավապահներին» հարցիս պարտատերերից մեկն ասաց. «Միեւնույն է, բանկն ասելու է՝ ժամկետն անցել է, եւ եթե նա չկա, դու ես պարտավոր որպես երաշխավորող փակվել, թե չէ դատարան ենք տալու: Արդյունքում էլի ես եմ փակվելու: Կամ պետք է փակի նա, ում տվել են փող, կամ նա, ում երաշխավոր են կանգնացրել»: Անահիտ Ամիրյանի պարտատերերը վստահեցնում են, որ եթե նա չհայտնվի եւ հոժար կամքով չվերադարձնի իրենց փողերը, կդիմեն դատարան եւ կհասնեն նրան, որ միջազգային հետախուզում կհայտարարվի «Նե»-ի խմբագրի նկատմամբ: Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին հարցրինք. արդյոք տեղյա՞կ է, թե որտեղ է գտնվում  քույրը: Նա պատասխանեց. «Որեւէ տեղեկություն չունեմ: Որեւէ կապ նրա հետ չեմ պահում»:

 Սյուզան Սիմոնյան