22:56 , 12 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Life.Panorama.am-ին հաջողվեց բացառիկ հարցազրույց ունենալ սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի հետ, ով շատերին հիացրել է իր՝ ոչ միայն ձայնով, այլ անմիջականությամբ և շփման տաղանդով: Նրա մասին շատ խոսել պետք չէ, քանզի նա «բաց» է մարդկանց առջև՝ առանց շղարշների ու «շղարշողների»… Ձեզ ենք ներկայացնում նրա հետ անկեղծ զրույցն ամբողջությամբ:
-Արման, եթե չեմ սխալվում, Հայաստանում չէիք: Ինչո՞վ եք զբաղված, որտե՞ղ էիք:
-Ես բացի երաժշտությունից ուրիշ ոչնչով զբաղվել չեմ կարողանում: Նաև սիրում եմ քեֆ անել ու ուրախանալ (ծիծաղելով)…Հայաստան վերադարձել եմ մոտ 20 օր առաջ, համերգներով շրջագայում էի Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում… Դեկտեմբերի 15-ին Ամերիկայի «Նոկիա» թատրոնում մեծ մենահամերգ եմ ունեցել: Այս պահին այդ համերգի DVD տարբերակն ենք պատրաստում, մոտ երկու ամսից կլինի և աուդիո, և վիդեո տարբերակը: Ի դեպ, այժմ նորից պատրաստվում եմ շրջագայությունների:
-Նոր անակնկալներ ունե՞ք ձեր երկրպագուների համար:
-Մեկ ամիս առաջ համերգի կադրերով հավաքած նոր տեսահոլովակ թողարկեցինք: Նման բան ամեն տարի ենք անում, դա քննության պես մի բան է: Սցենարային տեսահոլովակ չէ, այնտեղ գլխավոր դերում ավելի շատ հանդիսատեսն է: Նաև նոր երգ եմ պատրաստել՝ «Էս գիշեր, լուսնյակ գիշեր», ընդամենը մի քանի օրական է երգը, դեռ տեսահոլովակ չունի:
-Արման, թեև ձեզ հաջողվում է մեծ դահլիճներում հաճախակի համերգներ ունենալ, ու տոմսերն ամբողջովին սպառվում են, բայց, ամեն դեպքում, որևէ ռեստորանում աշխատո՞ւմ եք:
-Այս պահին՝ ոչ, բայց կոնսերվատորիայում սովորելու ընթացքում և հետո միշտ էլ աշխատել եմ ռեստորանում, ինչի համար շատ ուրախ եմ: 2006 թվականից այլևս չեմ աշխատում, բայց ինձ համար ռեստորանը շատ մեծ դպրոց էր: Ճիշտ է, ավարտել եմ կոնսերվատորիայի ասպիրանտուրան, բայց ռեստորանային դպրոցն էլ շատ ազդեցիկ ու մեծ է, հավատացեք:
-Այսօր շատերը ռեստորաններում աշխատում են զուտ ֆինանսական նկատառումներով: Դուք այդ խնդիրը չունեք, այդ պատճառո՞վ այնտեղ չեք երգում այլևս:
-Ոչ, ուղղակի ժամանակի խնդիր է: Պարզապես ժամանակդ երբ քիչ է և ուզում ես ավելի մեծ բեմերում լինել, չես կարողանում հասցնել: Ախր երկու տեղում էլ նույն ժողովուրդն է, քո հանդիսատեսը՝ լինի դահլիճում, ակումբում, ռեստորանում, թե վրանում…Տարբերությունը, բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, գիտենք, որ լավ բեմը, լավ դահլիճը բոլորովին այլ բան է, բայց մարդիկ ամենուր մարդ են, նույն մարդը…Ես հիմա ավելի շատ ուզում եմ մեծ համերգներ ունենալ, շրջագայել, տեսահոլավակներ և ձայներիզներ պատրաստել: Չգիտեմ, գուցե իմ կյանքում գա մի պահ, որ նորից ցանկանամ վերադառնալ ռեստորան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ