18:08 , 12 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանում գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը քրեական հետապնդման լծակները օգտագործում է քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար. այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը և նման մի օրինակ բերեց՝ վկայակոչելով ազատամարտիկ ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանին։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքը հիմնավորելու համար, որ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է, խնդրեց հիշել նրա գործի ժամանակագրությունը ներկայացնելով այն, որ ակցիաներից հետո նա խնդիրը ներկայացնելու համար հանդիպում ունեցավ վարչապետի հետ, ապա խոստումներից չբավարարվելով կրկին ակցիաներ սկսեց, և որից հետո հանդիպեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։
«Պաշտպանության նախարարը մամուլին ինքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանի անունից ուղերձ է հղում Վոլոդյա Ավետիսյանին, որի իմաստը հետևյալն է՝ դադարեցնել ակցիանները։ Վալոդյա Ավետիսյանը չի համաձայնում այդ պայմանին և շարունակում է ակցիաները, որից հետո քրեական գործ է հարուցվում, և Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվում և մեղադրվում է խարդախության մեղադրանքով»,– ասաց պատգամավորը։
«Սրանից հետո ԱԺ-ն ընդունում է համաներման մասին որոշում, որը տարածվում է Վ. Ավետիսյանի վրա, նույնիսկ եթե նա այդ խարդախությունը կատարել է, բայց չի ազատվում քրեական պատասխանատվությունից, որովհետև համաներման ուժի մեջ մտնելիս նախաքննական մարմինը գործում խարդախության ևս մի դրվագ է մտցնում, ինչը կարևոր առանձնահատկություն ունի, երբ մի մարդ ցուցմունք է տալիս, որ Վոլոդյա Ավետիսյանը իրենից փող է պահանջել, բայց նույնիսկ նախաքննական մարմինն է ընդունում, որ Ավետիսյանն այդ փողը չի վերցրել։ Այսինքն՝ փող տալ-առնել չի եղել», -ասաց նա և հարցրեց, թե մինչև երբ են իշխանությունները շարունակելու նման քաղաքական հետապնդումները։
Հարցին պատասխանեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ չնայած Վոլոդյա Ավետիսյանի հետ պայմանավորվածություն է եղել, բայց նրա դեմ քրեական գործը քաղաքական նպատակներ չի հետապնդել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ