Սան Ֆրանցիսկոյում արգելվել է հասարակական վայրերում պլաստիկ շշերով ջուր վաճառել


19:03 , 12 մարտ, 2014

The Board of Supervisors on Tuesday approved a ban on the sale of plastic water bottles on public property. - CINDY CHEW/2010 S.F. EXAMINER FILE PHOTOՍան Ֆրանցիսկոն առաջին խոշոր քաղաքն է, որի հասարակական վայրերում արգելվել է պլաստիկ շշերով ջրի վաճառքը: Պլաստիկ շշերով ջրի վաճառքն արգելող օրենքն ընդունվել է մարտի 4-ին: 9 շաբաթ պահանջվեց օրենքի նախագծի մշակման համար: 

Վերահսկիչների խորհրդի նախագահ Դևիդ Չյուն թվարկեց այս օրենքի հետ կապված մի շարք մտահոգիչ խնդիրներ: Նա նշեց, որ պլաստիկ շշերով ջրի վաճառքը եկամտի աղբյուր է բազմաթիվ ձեռնարկատերերի և հայտնի ընկերությունների համար, իսկ այս օրենքը էականորեն կկրճատի նրանց եկամուտը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր քայլ է Սան Ֆրանցիսկոյի համար, քանի որ այն թույլ կտա լուծել մի շարք բնապահպանական խնդիրներ:  
Ամերիկայի ըմպելիքների ասոցացիան ընդդիմացավ այս օրենքի ընդունմանը, մինչդեռ աննկուն բնապահպանները պահանջում էին էլ ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկել պլաստիկ շշերը գործածությունից հանելու համար: Գալիք 4 տարիների ընթացքում այս արգելքը զգալիորեն կնվազեցնի պլաստիկ շշերով ջրի առևտրի ծավալը: Իր ելույթի ընթացքում Չյուն ասել է.

- Ոչ այնքան վաղ անցյալում մենք այնքան էլ մեծ կախում չունեինք ջրի պլաստիկ շշերից, սակայն դրանք կարճ ժամանակահատվածում լայն տարածում ստացան ողջ աշխարհում: Պլաստիկ շշերի արդյունաբերությունը, որն այժմ մոտավորապես 60 միլիարդ դոլարի եկամուտ է բերում, 1990-ականների կեսին հսկայական զարգացում ապրեց մարքեթինգային զանազան ծրագրերի շնորհիվ: 

Պլաստիկ շշերի վաճառքն արգելելու առաջարկին սատարում էր «Մտածիր շշից դուրս» համազգային նախաձեռնությունը, որի անդամները խրախուսում են կառավարությանը սահմանափակել էկոլոգիապես վնասակար արտադրանքների վաճառքը:  Օգտագործված իրերի վերամշակմամբ զբաղվող Recology ընկերությունը տարեկան կտրվածքով հավաքում է միանգամյա օգտագործման 15 միլիոն պլաստիկ շիշ: Սան Ֆրանցիսկոյի պատկան մարմինները հուսով են, որ այս թիվը կկրճատվի մի քանի անգամ՝ նոր ընդունված օրենքի շնորհիվ: 

Օրենքը խախտողներից կգանձվի մինչև 1000 դոլար տուգանք:

Բնապահպանության հանձնաժողովի նախագահ Ջոշուա Արսն ասել է.

- Տասնամյակներ շարունակ մենք առանց պլաստիկ շշերի հասարակական միջոցառումներ ենք անցկացրել և կրկին շատ լավ յոլա կգնանք առանց դրանց: