11:40 , 12 մարտ, 20141in.am-ը գրում է.
Զղջացող մարդու համար երկնքի դռները միշտ բաց են: Մարդը մեղանչական է և հանցավոր, բայց երբ զղջում է, Աստված նրան ներում է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեր Կարապետ քահանա Կարապետյանը՝ անդրադառնալով Անառակի կիրակիի տոնին և պատմելով Անառակ որդու վերադարձի մասին հայտնի առակը:
«Մաքուր, անկեղծ ապաշխարության դեպքում Հայր Աստված ներողամիտ է բոլորի հանդեպ, և այս տոնը հիշեցնում է մեզ, որ պետք է զղջանք մեր մեղքերը և ապաշխարենք: Անառակ որդին, որ հոր ունեցվածքը մսխելուց հետո ի վերջո վերադառնում է հայրական տուն, բնորոշում է հեթանոսությունը, իսկ ավագ որդին, որ միշտ եղել էր հոր կողքին, խորհրդանշում է հրեա ժողովրդին»,- ասաց հոգևորականը:
Անդրադառնալով Պահքի խորհրդին` Կարապետ քահանա Կարապետյանը նշեց, որ այն մաքրագործում է ինչպես մարմինը, այնպես էլ հոգին:
«Ինչ վերաբերում է Պահքի ընթացքում ամուսնական պարտականություններից զերծ մնալ-չմնալու հարցին, ապա ամեն դեպքում անկողինը համարվում է սուրբ, և եթե ամուսիններից մեկը Պահքի ընթացքում չի ցանկանում հրաժարվել մարմնական հաճույքներից, ապա որևէ խնդիր այդտեղ չկա»,- ասաց քահանան:
Ամփոփելով՝ հոգևորականը Հայ առաքելական եկեղեցին բնորոշեց որպես կենսախինդ, դեմոկրատ և լիբերալ եկեղեցի: