23:47 , 11 մարտ, 2014Esem.am-ը գրում է.
Սիրո տոներին ընդառաջ զրուցեցինք դերասաններ Դավիթ Թադևոսյանի և կնոջ` Աստղիկի հետ: Այժմ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Սպոյին մարմնավորող Դավիթն ու կինն իրենց հատուկ հումորով պատմեցին, թե ինչպես են ծանոթացել, սիրահարվել, ամուսնացել :) Խոսեցինք նաև ընտանիքի, խանդի, վեճերի մասին: Արդեն երեք տարի մի հարկի տակ ապրող կատակասեր զույգը հարցերին հաճախ պատասխանում էր իրար «կծելով»: Ըստ Աստղիկի` իրենց ընտանեկան վեճերն էլ են հաճախ այդպես կատակով անցնում, և փոքրիկ տարաձայնությունները լուրջ բնույթ չեն ստանում:

Զույգը ծանոթացել է ուսանողական տարիներին, երկուսն էլ սովորել են Թատերական ինստիտուտում, սակայն այդ շրջանում շփում չեն ունեցել. Դավիթն անտարբեր էր ապագա կնոջ հանդեպ, իսկ Աստղիկը հիշեց, որ հակակրանք էր զգում ապագա ամուսնուց :) «Չգիտեմ ինչու, չէի համակրում նրան»,- անկեղծ ասաց դերասանուհին:
Զույգի սիրավեպը սկսվել է համատեղ ներկայացմամբ հանդես գալուց հետո: Բեմադրության ընթացքում նրանք սկսել են շփվել, իրար ավելի լավ ճանաչել: Ինչ-ինչ պատճառներով ներկայացման բեմադրությունը դադարեցվել է. վեցամսյա դադարի ընթացքում զույգի հարաբերություններում առաջընթաց չի եղել: Ծառայողական սիրավեպը սկսվել է հունվարի տասնհինգին, երբ վերսկսվել են ներկայացման փորձերը: «Ամեն ինչ շատ արագ եղավ: Եթե մի բան կանխորոշված է ճակատագրով, այդպես էլ լինում է, և հաշվի չես առնում, որ մինչ այդ հակակրանք ես ունեցել,- ասաց Աստղիկը, իսկ Դավիթը լրացրեց, որ կնոջ վերաբերմունքը փոխվել է, քանի որ սկսել է ավելի լավ ճանաչել իրեն և ծիծաղելով ավելացրեց,- խաբեցի»:

Փորձերի ընթացքում դերասանները գրեթե ամբողջ օրը միասին են եղել: Նրանք չհիշեցին սիրո առաջին խոստովանությունը, քանի որ այդպիսիք շատ են եղել: «Մեր հարաբերությունները զարգացան աշխատանքային պրոցեսի ժամանակ, արդեն այնքան էինք համակրում իրար, դա այնքան նկատելի էր, որ կարիք չեղավ սիրո հատուկ խոստովանության: Ամեն ինչ պարզ էր,- ասաց Աստղիկը, իսկ Դավիթը հավելեց,- Թամանյանի արձանի մոտ չեմ ժամադրել և ասել` արի, քեզ կարևոր բան ունեմ ասելու, մի վարդ ձեռքիս` դողդղալով չեմ սպասել :)»:

Աստղիկը նշեց, որ այդ տարիներին բազմաթիվ և յուրօրինակ սիրո խոստովանություններ են եղել: ՙԻնչ գժություն ասես, արել եմ,- նշեց Դավիթը, կինն էլ լրացրեց,- շատ խելառն է այդ առումով: Մի անգամ մեր պատուհանի տակ քարերով գրել էր, որ սիրում է, մի ուրիշ անգամ այնքան վարդ էր բերել, որ ես, մայրս ու քույրս մոտ քառասուն րոպե տուն էինք բերում դրանք՚: Իսկ ահա Աստղիկը հանուն սիրելիի խենթություններ չի արել: «Ինքն արդեն նվաճված էր, իմաստ չուներ խենթություններ անել իր համար, իսկ ինձ դեռ պետք էր նվաճել,- ծիծաղելով ասաց դերասանուհին, իսկ ամուսինը թերահավատորեն հարցրեց,- նվաճված չէի՞ր :)»:

Դավիթն ու Աստղիկը միասին են մոտ հինգ տարի. երկու տարի ընկերություն անելուց հետո նրանք ամուսնացել են` քահանայի օրհնությունն ստանալով Սևանի ափին: Ամուսնությունից հետո զույգը մոտ չորս ամիս ապրել է Դավթի հայրական տանը, այնուհետև առանձնացել են: ՙԻ սկզբանե ունեցել ենք առանձին ապրելու ցանկություն,- ասաց Դավիթը, Աստղիկն էլ ավելացրեց, որ նորաստեղծ ընտանիքները պետք է առանձին ապրեն: - Խնդիրը սկեսուրի կամ սկեսրայրի մեջ չէ, տարաձայնություններ լինում են անգամ մորդ հետ: Ամեն դեպքում մի խոսք կա, որ խոհանոցում պետք է մեկ կին լինի»:

Ինչպես բոլոր զույգերը, Դավիթն ու Աստղիկը ևս ունենում են վեճեր, որոնց պատճառը հիմնականում Դավթի` աշխատանքից ուշ տուն վերադառնալն է: «Դե... դա ինձ համար չեմ ասում, երեխայի համար եմ ասում :),- ծիծաղելով ասաց Աստղիկը, որին ի պատասխան Դավիթը նկատեց,- բացի սերիալից, լինում են նաև ֆիլմեր, հաճախ գործի բերումով քաղաքում կամ երկրում չեմ լինում: Այն, որ ուշ եմ վերադառնում... գոնե վերադառնում եմ :) Եթե ներկայացում էլ է լինում, ավելի քիչ ժամանակ է մնում ընտանիքիս համար: Այս մասնագիտությունը չունի հստակ գրաֆիկ»: Բաց տեսարաններն էլ երբեմն հեշտ չեն մոռացվում նրանց տանը: «Եթե ես այլ մասնագիտություն ունենայի, գուցե ավելի ծանր տանեի այդ ամենը, սակայն ինքս էլ գիտեմ, թե այդ աշխարհում ինչն ինչպես է լինում: Այնուամենայնիվ, կստեմ, եթե ասեմ, թե բացարձակ չեմ խանդում. չեմ սիրում բաց տեսարանները: Միշտ ասել եմ, որ ինքս, որպես դերասանուհի, կհրաժարվեմ խաղալ այդպիսի տեսարաններում: Գուցե դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է աշխատանքին, սակայն ես կին եմ, պոռթկումներ լինում են»,- ընդգծեց Աստղիկը:

Ի տարբերություն շատ տղամարդկանց, Դավիթը դեմ չէ, որ կինն աշխատի. «Ես շատ եմ ուզում, որ նա գործի մեջ լինի, քանի որ ինձ համար շատ կարևոր է իր կարծիքը, իսկ եթե նա շատ կտրվի այդ աշխարհից, կսկսեմ չվստահել նրան»: Աստղիկն այժմ չի աշխատում, քանի որ բալիկի խնամքով է զբաղված: «Հիմա ավելի հեշտ կարելի է երեխային բանակից ազատել, քան մանկապարտեզում տեղավորել»,- ասաց Դավիթը: Աշխատանքի վերադառնալու դեպքում Աստղիկը կնախընտրի թատրոնում խաղալ, քանի որ, ըստ նրա, դա բոլորովին այլ աշխարհ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ