Հայաստանի և Սփյուռքի միջև փոփոխվող փոխհարաբերությունները. սփյուռքահայերը պետք է զգան Հայրենիքի հոգատարությունը


23:32 , 11 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան՝ քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:

Քննարկումը նվիրված էր Սփյուռքի ձևավորումներին, առկա մարտահրավերներին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, Հայաստանի և Սփյուռքի միջև առավել սերտ համագործակցության կատարելագործմանը, աշխատանքի նոր ձևերի և միջոցների փնտրտուքին ու հեռանկարներին:

Ստորև ներկայացնում եմ հատվածներ հանդիպման ժամանակ իմ ունեցած ելույթից.

Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը կանգնեց բոլորովին մի նոր կացության առջև: Շատ սփյուռքահայեր անակնկալի եկան ազատ Հայաստանի վաղեմի բաղձալի երազանքի հանկարծակի իրականացումից: Նոր բառեր հայտնվեցին նրանց բառապաշարում. Արցախ, երկրաշարժ, շրջափակում, արձանագրություն, ընդիմություն, կոալիցիոն կառավարություն, իշխանափոխություն:

Սփյուռքահայերի մեծ մասի համար շատ դժվար էր տարանջատել անհատի, համայնքի կամ կազմակերպության գործողությունները պետության իրավասություններից ու պարտավորություններից: Միաժամանակ, Հայաստանի նոր ղեկավարները լիովին չըմբռնեցին սփյուռքահայերի հայրենասիրական զգացումները, ցանկություններն ու իղձերը, ինչի հետևանքով անախորժ խրամատ առաջացավ երկու կողմերի միջև:

Հարցն ավելի բարդ է, քանի որ Սփյուռքը միաձույլ գոյություն չէ, այլ կազմված է բազմաթիվ և բազմատեսակ սփյուռքներից, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները` հաստատվելով և ապրելով տարբեր ժամանակշրջաններում, օտար երկրներում և գոյատևելով տարբեր լեզվամշակութային ազդեցությունների տակ:

Երբ Հայաստանում լրագրողներն ինձ հարցնում են այս կամ այն հարցի վերաբերյալ Սփյուռքի տեսակետների մասին, ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարող է որևէ մեկն ընդհանրական ներկայացնել յոթ միլիոն սփյուռքահայերի բազմաբնույթ տեսակետները: Սփյուռքի մեծամասնության կարծիքն արտացոլելու համար պետք է կազմակերպել համահայկական մի կառույց կամ ընդլայնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործառույթները հանգանակությունից անդին կամ էլ ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս ամբողջ աշխարհի հայությանը` «մեկ հայ, մեկ քվե» սկզբունքի հիման վրա: Այս ձևով ընտրված ներկայացուցիչներն իրավասու կլինեն խոսել սփյուռքահայերի անունից և պարբերաբար հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունների հետ` ճշտելու համազգային առաջնահերթությունները և խորհրդակցելու խնդրահարույց հարցերի շուրջ:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ