23:02 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում խոշոր եղջերավոր կենդանիներից մի մասի մոտ հայտնաբերվել է բրուցելոզ հիվանդությունը, և առաջին փորձաքննությունից հետո արդեն սանիտարական սպանդի է ենթարկվել 36 անասուն, առաջիկայում սպանդի կենթարկվի ևս 9 անասուն:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը և նշեց, որ վերջին 9 դեպքերը հայտնաբերվել են փորձաքննության երկրորդ փուլում, երբ 101 խոշոր եղջերավոր կենդանիներից արյան նմուշներ են վերցվել:
Արմինե Սուքիասյանը տեղեկացրեց, որ հիվանդությունը հայտնաբերվել է գյուղկենդանիների պատվաստման ծրագրի շրջանակում, որն սկսել են հենց Կոտակայքի մարզի Ձորաղբյուր համայնքից, քանի որ նախորդ տարեվերջին համայնքում արդեն խնդիրներ կային:
«Գործընթացը շարունակվում է հանրապետությունով մեկ, հանրապետության այլ մարզերում ևս կատարվել են արյան նմուշառումներ, որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք հիվանդությունն առկա է նաև այլ մարզերում, թե՞ ոչ: Առայժմ որևէ տեղ չի գտնվել հիվանդությունը, Ձորաղբյուրի հարակից համայնքներում ևս հիվանդության առկայությունը հաստատված չէ, քանի որ փորձաքննությունն ընթացքի մեջ է»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ