Ֆեյսբուքյան ոչ մի օգտատեր Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունք խախտել չի կարող. Գոռ Հովհաննիսյան


22:56 , 11 մարտ, 2014

Ֆեյսբուքյան ոչ մի օգտատեր Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունք խախտել չի կարող. Գոռ ՀովհաննիսյանPanorama.am-ը գրում է.

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում մի խումբ պատգամավորների կողմից կատարված փոփոխությունը, որն անմիջականորեն վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներին, որոշ շրջանակների կողմից բուռն դիմադրության է հանդիպել: Նախագիծը դեռևս լայն քննարկման չի ներկայացվել և ընդամենը շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում: Հիշեցնենք՝ Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած «Fake»-երի, այսինքն` կեղծ օգտատերերի դեմ: 

Պատգամավորների կողմից օրինագծում կատարված փոփոխության վերաբերյալPanorama.am-ին իր դիտարկումներն է ներկայացրել Իրավաբանական գիտությունների դոկտոր (Բեռլին) Գոռ Հովհաննիսյանը:

-Պատգամավորների մի ընդարձակ կազմ, որի մեջ կան նաև ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն են առաջարկում: Այդ փոփոխություններով, պատգամավորները պայքարում են կեղծ օգտատերերի կամ այսպես կոչված՝ «Ֆեյքերի» դեմ, քանի որ նրանց միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն է տարածվում, ինչը խախտում է «մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը»: Դուք՝ որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, ի՞նչ կարծիքի եք պատգամավորների ներկայացրած օրինագծի վերաբերյալ:

-Ես նախ կուզենայի խոսել օրենքի նախագծի ընդունման հիմնավորման՝ Ձեր մեջբերած հատվածի մասին: Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումների անհրաժեշտությունը հիմնավորվում է սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի («ֆեյքերի») դեմ պայքարի անհրաժեշտությամբ, որոնք վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկություններ տարածելու միջոցով իբր խախտում են այլ անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները: Թեև ես հասկանում եմ, թե օրինագծի հեղինակներն իրականում ինչ նկատի ունեն, բայց զուտ իրավաբանական տեսանկյունից ձևակերպումը շատ սխալ է: Բանն այն է, որ ոչ մի օգտատեր Սահմանադրությամբ կամ միջազգային որևէ կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունք խախտել չի կարող: Դա ուղղակի անհնար է: Պատճառը շատ պարզ է. մասնավոր անձինք Սահմանադրությամբ կամ կոնվենցիաներով ամրագրված հիմնական իրավունքների հասցեատեր չեն: Հնարավոր չէ խախտել մի իրավունք՝ չլինելով այդ իրավունքի հասցեատերը:

Քանի որ հայկական իրավունքում այս իրավական նրբությունը ցավոք չի գիտակցվում, փորձեմ հնարավորինս պարզ բացատրել ասվածը: Սահմանադրությամբ կամ կոնվենցիաներով ամրագրված հիմնական իրավունքները կաշկանդում են միայն պետությանը, բայց ոչ երբեք անհատներին: Դա նշանակում է, որ միայն պետության վրա են այդ իրավունքները պարտականություն դնում՝ հարգելու, պաշտպանելու ու չխախտելու այդ իրավունքները: Հիմնական իրավունքները մասնավոր անձանց ոչ թե պարտավորեցնում են, այլ հակառակը՝ լիազորում: Նրանք այդ իրավունքներով լիազորված կողմն են, իսկ պետությունը՝ դրանցով պարտավորված կողմը: Ավելի պարզ՝ հիմնական իրավունքների հիման վրա մասնավոր անձինք իրավունք ունեն ազատորեն անելու մի բան (իրավունքի սուբյեկտ), իսկ պետությունը պարտավոր է երաշխավորել այդ ազատությունը և չսահմանափակել այն (իրավունքի հասցեատեր):

Հիմնական իրավունքը խախտվում է միայն այն դեպքում, երբ պետությունը չի կատարում իր պարտականությունը, այսինքն՝ սահմանափակում է հիմնական իրավունքը՝ դրա համար չունենալով սահմանադրաիրավական որևէ արդարացում: Որ հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է, շատ պարզ ասում են ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը և, օրինակ, Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը: Փաստորեն, ոչ մի հիմնական իրավունք մասնավոր անձի վրա պարտականություն չի դնում՝ երաշխավորելու ու պաշտպանելու մեկ այլ մասնավոր անձի նույն իրավունքը, որպիսի պարտականության չկատարումն էլ հենց կլիներ հիմնական իրավունքի խախտում:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի և Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի ձևակերպմամբ հայ սահմանադիրը և կոնվենցիոն օրենսդիրը աներկբա մերժում են հիմնական իրավունքների այսպես կոչված երրորդային (հորիզոնական) գործողությունը, այսինքն` հիմնական իրավունքների գործողությունը անհատի և պետության միջև դասական երկկողմ հարաբերություններից բացի անհատի և մեկ այլ անհատի (երրորդի) միջև հարաբերություններում (այսինքն` մասնավոր-իրավական հարաբերություններում): Այդ իսկ պատճառով հիմնական իրավունքները երկու մասնավոր անձանց միջև հարաբերություններում, կոնկրետ այս դեպքում՝ քաղաքացիական իրավունքում, անմիջականորեն չեն գործում: Պարզ ասած՝ անհնար է գնալ դատարան ու պնդել, թե իբր մի օգտատեր կամ մասնավոր լրատվամիջոց խախտել է մեր սահմանադրական կամ կոնվենցիոն որևէ իրավունք: Նման հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման հայցվորի սուբյեկտիվ շահագրգռվածության բացակայության հիմնավորմամբ, որովհետև ակնհայտ է, որ հայցվորի ոչ մի հիմնական իրավունք չի խախտվել, քանի որ մասնավոր անձի կողմից այն ուղղակի խախտվել չէր կարող:

Օրինագծի հեղինակներն իրենք՝ իբրև օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, արդեն կաշկանդված են հիմնավորման մեջ հիշատակվող հիմնական իրավունքներով (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը) և օրինագծի միջոցով փաստորեն կատարում են այդ իրավունքներով իրենց վրա դրված պարտականությունը՝ երաշխավորելու այդ իրավունքների ազատ իրացումը և պաշտպանելու դրանք այլոց ոտնձգություններից: Փաստորեն, այն, ինչ նախաձեռնել են օրինագծի հեղինակ պատգամավորները, ճիշտ է, բխում է օրենսդրի սահմանադրական պարտականությունից, բայց հիմնավորումն ինքը իրավաբանորեն սխալ է: Ես կառաջարկեի ուղղել այն: Ինչ վերաբերում է օրինագծին, ապա այն ամրագրում է այսօրվա եվրոպական մոտեցումները:

-Լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում կա մտավախություն, թե սա հերթական մահակն է իրենց գլխին: Դուք նման ենթատեքստ տեսնո՞ւմ եք կամ այդ մտավախությունը հիմնավոր համարո՞ւմ եք

-Ես նման մտավախության առիթ չեմ տեսնում: Օրինագիծը փորձում է շարունակել ընդհանուր անահատականության իրավունքի (ՀՀ Սահմ. 14-րդ հոդ.՝ 42-րդ հոդ. 2-ին մասի համակցությամբ) պաշտպանությունը՝ հավասարակշռելով այն կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի հետ: Այս խնդիրն իրականում շատ նրբություններ ունի: Պետք է շատ հստակ պատկերացնել, թե այստեղ ինչ շահեր են բախվում, և թե որ դեպքում որ շահը պետք է առավելություն ստանա:

Փորձեմ ոչ իրավաբան ընթերցողների համար հնարավորինս հասկանալի բացատրել խնդիրը: Ով դեռ չի արել, պետք է մի անգամ անի՝ իր անունը մուտքագրի որոնողական մի ծրագրում, օրինակ՝ Google-ում, և տեսնի, թե համացանցն ինչ գիտի իր մասին: Միայն մոտավորապես կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում մարդը, երբ որոնողական ծրագիրը գտնում է գրառումներ, որոնք իր մասին սխալ փաստեր, վիրավորանքներ կամ խիստ մասնավոր տեղեկություններ են բովանդակում: Անվանարկման զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ մասնավոր անձը, ընկերությունը, հասարակական գործիչը: Զոհի համար շատ հարցեր են ծագում՝ որքա՞ն ընդարձակ կարող է լինել գրառման հեղինակի կարծիքի ազատության իրավունքը, որտե՞ղ է զոհի ընդհանուր անհատականության իրավունքն ավելի ծանրակշիռ, և որտե՞ղ է սկսվում օրենքի խախտումը: Ե՞րբ արժի դիմել դատարան վիրավորանքի կամ զրպարտության պատճառով: Ե՞րբ կարելի է գրառումը հեռացնելու, հակառակ տեսակետը հրապարակելու և վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Եվ ո՞ւմ պետք է ուղղել այդ պահանջը՝ գրառման հեղինակի՞ն, կայքի իրավատիրո՞ջը, թե՞ երկուսին:

Համացանցում անընդունելի գրառման համար պատասխանատվության կանչված անձը միշտ վկայակոչում է իր կարծիքն ազատ արտահայտելու հիմնական իրավունքը: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում այդ իրավունքը ձևակերպված է այսպես. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք»: Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասը թույլատրում է սահմանափակել այդ իրավունքն օրենքի որակյալ վերապահման սկզբունքին համապատասխան, այն է՝ միայն օրենքով և շատ կոնկրետ նկատառումներով: Սահմանադրության բառացի տեքստն արդեն ցույց է տալիս, որ կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքը սահմաններ ունի: Բայց որտե՞ղ է թույլատրելի քննադատության և անթույլատրելի վարկաբեկման միջև սահմանը համացանցում: Որտե՞ղ է սկսվում անվանարկումը: Ե՞րբ է ընդհանուր անհատականության իրավունքն ավելի ուժեղ պաշտպանության արժանի, քան կարծիքի ազատությունը: Այս հարցերի պատասխանները տարբեր դեպքերում կարող են տարբեր լինել: Օրինակ՝ անընդունելի խոսքը հրապարակային քննարկման ժամանակ կամ բոլորի համար մատչելի կայքում շատ ավելի ծանր է, քան միայն որոշակի մասնակիցների համար մատչելի առցանց խոսակցության մեջ:

Բացի այդ, պետք է տարբերել կարծիքի արտահայտումը փաստերի մասին պնդումներից: Փաստի մասին պնդումը նկարագրում է իրոք տեղի ունեցած կամ գոյություն ունեցող, ապացուցման ենթակա հանգամանքներ, հետևաբար այն կարող է ստուգվել իր ճշմարտացիության տեսանկյունից: Այն ճշմարիտ է կամ կեղծ: Դրան հակառակ՝ կարծիքը զուտ անձնական գնահատական է: Այն կարող է լինել քաղաքական կամ ոչ քաղաքական, արժեքավոր կամ անարժեք, խելամիտ կամ ոչ խելամիտ: Կարելի է այն կիսել կամ ոչ, բայց հնարավոր չէ ապացուցել դրա ճշմարտացիությունը, որովհետև դրա ճշմարտացիությունը կամ անճշտությունը անձնական համոզմունքի հարց է:

Դրանց տարբերության մի օրինակ: Այն պնդումը, թե «Վարդանուշ Վարդազարյանը սեռական կապի մեջ է իր գործընկերոջ հետ», փաստի մասին պնդում է: Իսկ արտահայտությունը, թե «Վարդանուշ Վարդազարյանը հիմար անասուն է», հակառակը, կարծիք է: Այսպիսով, կարծիքը փաստի մասին պնդումից սահմանազատելու վճռորոշ չափանիշն այն է, որ փաստերի մասին պնդումները ճշմարիտ կամ կեղծ են, իսկ գնահատականները, դրան հակառակ, ո´չ ճշմարիտ են, ո´չ կեղծ: Զուտ փաստերի մասին պնդումները չեն պաշտպանվում կարծիքի ազատ արտահայտման իրավունքով, քանի որ դրանք զուրկ են որևէ գնահատողական տարրից: Օրինակ` Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով պաշտպանության ենթակա չէ վիճակագրական տվյալների հրապարակումը:

Անձը պարտավոր չէ հանդուրժել իր մասին կեղծ փաստերի մասին պնդումները: Կարծիքի արտահայտման դեպքերը, դրան հակառակ, մի քիչ ավելի ներողամիտ վերաբերմունքի են արժանի: Բայց դրանք չպետք է հատեն վիրավորանքի սահմանը (ինչպես վերը նշված օրինակում): Մյուս կողմից՝ ամեն մի ճշմարիտ փաստ չէ, որ կարելի է հրապարակել համացանցում: Եթե օրինակ անձի ինտիմ կյանքի վերաբերյալ մանրամասներ են տարածվում համացանցում, ապա դա նույնպես՝ իբրև այսպես կոչված ձևական վիրավորանք, կարող է անթույլատրելի լինել: Բացի այդ, անհատականության իրավունքի խախտումը կարող է հօգուտ վիրավորված անձի վնասի հատուցման պահանջի հիմք լինել:

Կրկին մի օրինակ: Վարդանուշ Վարդազարյանը քարտուղարուհի է մի ընկերությունում, ամուսնացած է և ունի երեք երեխա: Անգամ եթե նա իրոք իր ամուսնուն դավաճանում է գործընկերներից մեկի հետ, չի կարելի այդ փաստը հրապարակային քննարկել համացանցում՝ նրա անունը նշելով: Այդ մասին հրապարակելու շահն այնքան մեծ կարևորություն չունի, որ արդարացնի նրա անհատականությանը սպառնացող վնասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ