16:49 , 11 մարտ, 2014
Life.panorama.am-ը գրում է.
«Yere 1» հումորային նախագծի շրջանակներում շուտով կհայտնվի նոր կերպար, որը, թերևս, անտարբեր չի թողնի հեռուստադիտողներին, մանավանդ՝ հարսներին ու տալերին: Life.panorama.am-ը զրուցել է նախագծի շրջանակներում հերթական կերպարը մարմնավորողի՝ Զառա Սահակյանի հետ,իմացել նրա նոր դերի, ստացած մեկ այլ՝ նոր հետաքրքիր առաջարկի մասին, անդրադարձել է նաև նրա ընտանիքին, հատկապես՝ մայրիկի դերերին արդեն լավ ծանոթ տղային:
-«Yere 1» հումորային նախագծում ձեր կերտած կերպարներից ո՞րն ամենալավն ընկալվեց ժողովրդի կողմից և ինչու՞:
-Իմ կերտած կերպարներից Ռուզիկը բոլորից լավ է ընդունվել, քանի որ ինքը կենցաղի կին է, տան կին, իսկ կնոջ այդ կերպարը լավ է ընդունվում մեր հասարակության կողմից:
-Նոր դերով հանդես գալու ծրագրեր կա՞ն:
-Այո, տեղեկացնեմ, որ շուտով կմարմնավորեմ նոր՝ չար տալի կերպար: Օվսաննան ամեն կերպ փորձելու է խանգարել եղբոր ընտանիքի կայանալուն, անտանելի տալ է, եղբոր երեխայի համար էլ կարծես հորեղբայր լինի (ծիծաղում է):
-Պատահե՞լ է, որ դրսում ձեզ տեսնեն, ասեն. «Վա՜յ, Ռուզիկը», կամ ուրիշ դերային անուն տան:
-Շատ է եղել: Մարդիկ երբեմն շատ են նույնացնում քեզ քո կերտած դերերի հետ: Իմ դեպքում շատերին թվում է, թե ես խալաթով եմ գնում գործի, որ դյուրաբորբոք եմ կամ պետք է, օրինակ, Ռուզիկի պես խոսեմ: Ես, իհարկե, հասկանում եմ այդ մարդկանց, ուրախանում եմ, որ նրանք ասում են, «Վա՜յ, մեր Ռուզիկը», այդ «մեր»-ը նշանակում է, որ կերպարս ընդունվել է նրանց կողմից:
-Բայց մի վտանգ կա. չե՞ք կարծում, որ ձեզ սկսում են նմանակել, և այն երևույթները, որ դուք ծաղրում եք, սկսվում է ընդունվել:
-Այդ տենդենցը վաղուցվանից կա: Հիշենք, թե «Մեր բակից» հետո ինչքան սկսեցին նմանակել Հայկոյի հերոսին: Բոլորը կրկնում էին. «Ես լավ տղա եմ..»:
-Սա նշանակում է, որ հումորը սուր է, միանգամից ծակում է: Իմ տղան էլ է անգիտակցաբար կրկնում որոշ արտահայտություններ, ի՞նչ կարող եմ անել: Կարծում եմ, որ այս պարագայում ծնողը պետք է գիտակցի երեխային այդ ինֆորմացիան հասցնելու չափաքանակը: Մի բան ակնհայտ է. հումորը երբեք դաստիարակչական չպետք է լինի: Պետք է առկա լինի սատիրա. կերպարը ծաղրվի և մերկացվի: Ծիծաղ է առաջացնում իրականությունը, և, ցավոք սրտի, մեր հասարակությունը հիմա, օրինակ, գործածում է արտահայտություններ, որ չէինք ուզենա լսել: Այս ամենը պետք է մատուցվի իրականությանը մոտ գեղարվեստորեն ներկայացված տեսարանների միջոցով:

-Երբեմն կերպարները, որոնց դուք ծաղրում եք, մարդիկ նույնացնում են իրենք իրենց հետ և սկսում ծիծաղել իրենց վրա:
- Այո, այդպես է, օրինակ, Վիպոյանի կերպարի դեպքում. շատ պատգամավորներ չեն էլ հասկանում, որ ծաղրվում են, հաճույքով դիտում ու ծիծաղում են:
-Վերջերս ներկայացումներով ԱՄՆ-ում էիք, կպատմե՞ք` տեղի հանդիսատեսը ինչպե՞ս ձեզ դիմավորեց, ամենաշատն ինչո՞վ եք տպավորված:
-Ես բախտավոր եմ այդ առումով, քանի որ միշտ ջերմ ընդունելություն եմ տեսնում: Թեպետ այդ հանգամանքը մի քիչ կապում եմ նաև կարոտի գործոնի հետ, բայց ամեն դեպքում զգում եմ, որ ունենք լավ, կարոտած հանդիսատես: Նույնիսկ նկատեցի մարդկանց, ովքեր երկրորդ անգամ էին տոմս առել ու եկել: Մենք մեր երկրպագուներն ունենք, ովքեր անգիր հատվածներ գիտեն հումորային համարներից. սա արդեն իսկ հաջողության գրավական է:
-Կարելի՞ է ասել, որ արտերկրի հանդիսատեսին դուք էլ ձեր մեսիջն եք հաղորդում այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանում:
-Այո, իհարկե: Հումորը հումոր է, երբ արդիական է, ժամանկի շունչն է կրում, անդրադառնում է այդ օրվա իրադարձությանը, խնդրին: Օրինակ՝ ընտրություններից մեկի ժամանակ նախագծի շրջանակներում մենք էլ մեր խոսքն ասացինք, որը միանգամից ընդունվեց ու ընկալվեց ժողովրդի կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ