Կարմիր խաչի ներկայացուցիչներին առայժմ չի հաջողվել հանդիպել հայ գերուն


15:24 , 11 մարտ, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Մինչ այս պահը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում գերի ընկած Արսեն Խոջոյանին դեռ չեն հանդիպել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:  

Արդեն 4-րդ օրն է, ինչ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը գերի է ընկել: Նրա մասին հայտնված լուրերը ադրբեջանական լրատվամիջոցներում սահմանափակվեցին Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի տարածած հաղորդագրությամբ, թե երիտասարդը հատել է պետական սահմանն ու անցել ադրբեջանի տարածք:  

Թե իրականում ինչպե՞ս է հայ հովիվը հայտնվել թշնամու տարածքում և ի՞նչ վիճակում է այժմ գտնվում, որևէ տեղեկություն չկա:   «Մեր կազմակերպությունը չունի լծակներ իշխանություներին ստիպելու վարվել այս կերպ կամ այն կերպ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով նաև, որ միջազգային կոնվենցիաներով գերիներին հանդիպելու որևէ հստակ ժամկետ չի սահմավում:   «Միայն նշվում է, որ հանդիպումը պետք է արագ կազմակերպվի»,- ասաց նա:  

Ի դեպ, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան, որն էլ ընկած է ԿԽՄԿ-ի գործունեության հիմքում, հստակ սահմանում է. «Հովանավոր տերությունների ներկայացուցիչներին կամ պատվիրակներին կթույլատրվի այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ գտնվում են հովանավորվող անձինք, այսինքն` հենց ներկալման, կալանման վայրերը և նրանց աշխատանքի տեղերը:   Նրանք մուտք կունենան դեպի բոլոր այն շենքերը, որոնք օգտագործվում են հովանավորվող անձանց կողմից, և թարգմանչի միջոցով կարող են զրուցել նրանց հետ` առանց վկաների, եթե դա անհրաժեշտ է:  

Այցելությունները կարող են արգելվել միայն պարտադիր ռազմական անհրաժեշտության բերումով և միայն որպես բացառություն և ժամանակավորապես: Այցելությունների թվաքանակը և դրանց տևողությունը չեն կարող սահմանափակվել»:   Սա այն է, ինչ կա թղթի վրա: Իականում այդ երկիրը խախտել ու շարունակում է խախտել քաղաքակիրթ մարդկությանը հարիր բոլոր օրենքները:  

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Տավուշի մարզի նույն` Վերին Կարմիրաղբյուր գյուղից Ադրբեջանին գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցերին թույլ տվեցին տեսակցել միայն 5 օր անց` փետրվարի 3-ին, երբ նրա մարմնի վրա արդեն իսկ առկա էին բռնության ու խոշտանգումների անհամար դեպքեր:  

Ուստի՝ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք, թե ին՞չ ընթացակարգ է նման հարցերում նախատեսված միջազգային կոնվենցիաներով, քանի որ փաստ է, որ ադրբեջանական գերության 1 ամսվա ընթացքում մեր հայրենակիցը խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի է արժանացել:  

«Չեմ կարող հերքել կամ հաստատել՝ որքանով է ձեր նշած որակումը համապատասխանում իրականությանը, բայց քաղաքացիական անձի վիճակի վերաբերյալ մենք արձանագրում ենք և եթե խնդիրներ կան՝ օրենքի խախտման հետ կապված, քննարկում ենք պատասխանատու մարմինների հետ: Մենք շարունակում ենք աշխատել իշխանությունների հետ՝ և’ այստեղ, և’ այնտեղ մեր ներկայացուցչության միջոցով: Կոնկրետ քայլերի մասին ես չեմ կարող ձեզ ասել, որովհետև դրանք մնում են քննարկման շրջանակներում, մենք չենք հրապարակում դրանք»,- ասաց Զառա Ամատունին:  

Մեր զրուցակցին հարցրեցինք նաև, թե ինչո՞ւ իրենց կազմակերպության ղեկավարությանն ու միջազգային ատյաններում չի ներկայցվում հայ գերու նկատմամբ Ադրբեջանում կատարված խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի դեպքը:   Սակայն նա այս պահին վստահեցրեց միայն, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. «Այո’, մենք հետևում ենք, այո’, մենք քննարկում ենք, բայց հետո ի՞նչ կինի, մենք կկարողանանք ասել, միայն երբ պատրաստ կլիեն արդյունքները: Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ այո’, շարունակում ենք աշխատել, իշխանությունների հետ՝ և’ այստեղ,  և’ այնտեղ, երկուստեք կապի մեջ ենք»: