14:24 , 11 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
BlogNews կայքի խմբագիր Արամ Անտինյանը, անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց, թե իր համոզմամբ այդ նախագծով մեր պատգամավորներն ուզում են սահմանափակել մամուլը։
«Նրանք, ովքեր այս օրենսդրական նախաձեռնությունը մշակել են, տուժած են մամուլի կողմից։ Պարզապես նրանք ոչինչ չունեին անելու, դրա համար սկսեցին մշակել սա։ Նրանք կարծում են, թե ինտերնետի խնդիրը երկրի խնդիրն է։ Գնացե՛ք, բազմաբնակարան շենքերի լիֆտերի հարցը լուծեք, ո՛չ թե պայքարեք ֆեյքերի դեմ»,-ասաց Արամ Անտինյանը՝ շարունակելով, թե օրենքում ասվում է, թե լրատվամիջոցը կհրաժարվի պատասխանատվությունից, եթե հրապարակի իր աղբյուրը։ «Սա դրդում է, որ ֆեյքային օֆշորներ ստեղծվեն»,-ասաց խմբագիրը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորների համահեղինակությամբ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել՝ Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով ողջունելի քայլ է զրպարտության դեմ պայքարը, պարզապես դա պետք է արդյունավետ արվի, որպեսզի օդում թողնված կրակոցի չնմանվի։
«Այս օրինագիծը չի կարող պայքարել զրպարտության դեմ, քանի որ միջոցներ չկան։ Ի՞նչ քայլերով պետք է ապացուցեն կեղծ օգտատիրոջ ինքնությունը։ Մինչ այժմ ՀՀ իրավապահ մարմիններից ոչ մեկը հանձն չի առել բացելու կեղծ օգտատիրոջ IP–ն։ Ես չեմ պատկերացնում, թե ինչպես են բացահայտելու և պայքարելու ֆեյքերի դեմ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ