12:52 , 11 մարտ, 2014
Ականատես ենք լինում հերթական մասշտաբային տեղեկատվական պատերազմին և դիվանագիտական դիմակայությանը՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Օր չի անցնում, որ ԱՄՆ-ը կամ եվրոպական տիրությունները հերթական սուր հայտարարությունը չանեն Ռուսաստանի ու մասնավորապես Պուտինի հասցեին, իսկ արևմտյան քարոզչամեքենան ինտենսիվորեն կերտում է Պուտինի ուռճացված ու հրեշանման կերպար, իսկ Ռուսաստանը պասիվ պաշտպանվողի կարգավիճակում է:
Սակայն պետք չէ խաբնվել Արևմուտքի քարոզչական հնարքներին: Չէ, Պուտինը հրեշտակ չէ, ոչ էլ անգամ «լավ տղա» ու ամենակարող առաջնորդ: Նախ, պետք է հասկանալ, որ Պուտինը «սամոդեռժեց» չէ, ու Ռուսաստանը չի ղեկավարում միանձնյա: Ինչպես և ցանկացած այլ առաջնորդ (առնվազն հետխորհրդային տարածքում), Պուտինի իշխանությունը հենցված է քաղաքական ու տնտեսական վերնախավի մի շերտի վրա, որի վրա հենվելով ու որին աջակցելով, Պուտինը կարողանում է իր ձեռքերում պահել Ռուսաստանի իշխանության լծակները:
Սակայն Պուտինի դժբախտությունը այն է, որ այն շերտը, որի վրա հենված է իր իշխանությունը, Ռուսաստանի 5-րդ շարասյան գլխավոր շտաբն է, որի մեջ մտնում են երկիրը թալանող ու քանդող օլիգարխներ, քաղաքական գործիչներ ու ուժայիններ: Ու քանի դեռ դա այդպես է, Պուտինը շատ սահմանափակ տարածություն ունի մանևրելու համար, որովհետև իրական ժողովրդական աջակցություն ստանալու համար, նա պետք է միաժամանակ հակամարտության մեջ մտնի ողջ ռուսական էլիտայի հետ, որը երբեք չի կարելի շփոթել նույն հայկականի հետ:
Ասեմ ավելին, նույն Պուտինը այդ նույն 5-րդ շարասյան (ես չեմ վախենա նաև «դավաճանական» էլիտա բառն օգտագործելուց) կարկառուն ներկայացուցիչներից է, և ինքը ոչ մի էական բանով ավելի լավը չէ, քան նույն Չուբայսը, Սերդյուկովը, Իվանովը և այլ կերպարներ, պարզապես Պուտինը այսքան ժամանակ կարողացել է մաքիավելիզմի սկզբունքներով ամրացնել իր իշխանական դիրքերը, բայց ոչնչով հետ չի մնացել Ռուսաստանի դեգրադացիային նպաստելու ու թալանի հարցում:
Ուստի, լինի Ուկրաինայի ճգնաժամ, թե ցանկացած այլ, որը կբերի դիմակայության Արևմուտքի հետ, Ռուսաստանի ամենախոցելի կետը մնալու է ոչ թե նրա գաղափարախոսությունը (որը գոյություն չունի էլ), ոչ թե նրա ռազմական անվտանգությունը, ոչ էլ անգամ տնտեսությունը, այլ նրա գլուխը՝ իշխանական վերնախավը, որովհետև Ռուսաստանը հիմնովին փտած գլխով ձուկ է: