Մանկական սննդում աղի պարունակությունը շատ բարձր է՝ ահազանգում են գիտնականները


12:24 , 11 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում հացի և երեխաների ամենօրյա սննդակարգի մեջ մտնող այլ մթերքների մեջ կա մեծ քանակությամբ աղ, ինչը ապագա սերնդի առողջությունը դնում է ռիսկի տակ՝ հայտարարում են գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է ամերիկյան Hypertension սրտաբանական ընկերության ամսագրում: 

«Մենք գիտենք, որ երեխաների մոտ աղը մեծացնում է արյան ճնշումը՝ սկսած 1 տարեկանից: Անհրաժեշտ է ներդնել մեծ ջանքեր՝ մթերքում դրա պարունակությունը նվազեցնելու համար»,- ասել է Բարթսի համալսարանի պրոֆեսոր Գրեհամ Մակ-Գրեգորը: 

Գիտնականներն ուսումնասիրել են 340 երեխաների մեզի անալիզները, ուսումնասիրել առօրյա սննդի հաշվետվությունները, անգամ ափսեում սննդի մնացորդները: 

Հետազոտողները պարզել են, որ 5-6 տարեկան երեխաները օգտագործել են օրական 3.75 գրամ աղ, 8-9 տարեկան երեխաները՝ 4.72 գրամ, 13-17 տարեկանները՝ 7.55 գրամ: Հացահատիկային մթերքին բաժին է ընկել երեխաների օրական սննդակարգի 36% աղը, 19%-ը՝ մսային մթերքներին, կաթնայիններին՝ 11%: 

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան խորհուրդ չի տալիս երեխաներին ու մեծահասակներին օգտագործել օրական 6 գրամից ավելի աղ. խորհուրդ է տրվում օգտագործել նվազագույնը 3.7 գրամ աղ: 

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ ԱՄՆ-ում 1-18 տարեկան երեխաների 73-93%-ը չափազանց շատ աղ է օգտագործում: