Օլիգարխի հետ համախմբման գնացող ընդդիմությունը հակահամխմբման քայլեր է կատարում իրական ընդդիմադիր շրջանակների նկատմամբ


19:58 , 10 մարտ, 2014

Ստացվում է, որ ընդդիմության դեմ գրողներից մեկն էլ, թեկուզ ՖԲ-ում, ես եմ: Սակայն իմ ստատուսները կարդացողները տեսնում են, որ ես այս իշխանության կողմնակիցը չեմ հաստատ: Այդ դեպքում հարց կհնչի՝ ինչո՞ւ եմ գրում ընդդեմ ընդդիմության: Ասեմ՝ որովհետև այն գիծը, որ արդեն 2-րդ տարին տարվում է հիմնական ընդդիմադիր ուժի կողմից, իմ կարծիքով, ջլատեց ընդդիմության ուժերը՝ օգուտ տալով իշխանությանը, և գնում է սխալ ուղղությամբ՝ կրկին օգուտ տալով իշխանությանը: Իսկ որ ուղղությունը սխալ է՝ ոչ միայն իմ կարծիքն է, այլև շատ-շատերի, ովքեր հենց այդ պատճառով դարձան «ընդդիմություն ընդդիմությանը»: Իմաստ չունի այստեղ ասելու, թե ինչու եմ համարում տարվող գիծը սխալ՝ այդ մասին շատ է գրվել իմ և թե բազմաթիվ այլ անձանց կողմից: Ստացվում է, որ հայաստանյան օլիգարխի (կարծում եմ, որ հայաստանյան օլիգարխ ասելով բոլորս էլ հասկանում ենք նույն բացասական երևույթը) հետ և նրա ղեկավարությամբ համախմբման գնացող ընդդիմությունը հակահամխմբման քայլեր է կատարում իրական ընդդիմադիր շրջանակների նկատմամբ: Ընդհանրապես, թե՛ հայ ժողովրդի և թե՛ առանձին մարդկանց կյանքում պատահող դժբախտությունները միշտ մեկնաբանվել են արտաքին ուժերի պրիզմայով (բացառությամբ առանձին անհատների՝ Արծրունն, օրինակ), և երբեք չի դրվել այն հարցը՝ իսկ գուցե մենք/ես եմ մեղավոր և կամ սխալ և ոչ թե մնացած մարդիկ: