17:12 , 10 մարտ, 2014Panorama.am-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը «The Washington Post» հեղինակավոր ամերիկյան թերթում տպագրված իր հոդվածում անդրադարձել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների ապագային:
Նա գրել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ժամանակի ընթացքում հասունացել է «ուկրաինական խնդիրը»: Ռայսի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան Ուկրաինայում «Նարնջագույն հեղափոխությունից» հետո փորձել են համոզել Ռուսաստանին, որ Ուկրաինան չպետք է դառնա մեծ տերությունների միջև հակամարտության զոհ, այլ պետք է լինի անկախ պետություն, որը ինքնուրույն կորոշի իր ապագան:
«Պուտինը միշտ իրավիճակն այլ կերպ էր դիտում: Նրա կարծիքով՝ դեպի Արևմուտք Կիևի գնալը վիրավորանք է Ռուսաստանին: Ներխուժումը և Ղրիմի հնարավոր բռնազավթումը նրա պատասխանն է մեզ: Այժմ մենք պետք է որքան հնարավոր է արագ ցույց տանք Ռուսաստանին, որ չենք համակերպվի նրա հետագա քայլերի հետ և որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը սրբություն է»,- գրել է Ռայսը:
ԱՄՆ նախկին պետքարտուղարն այդ առումով անհրաժեշտ է համարել Ռուսաստանի դիվանագիտական մեկուսացումը, բանկային ակտիվների սառեցումը և ռուս օլիգարխներին Արևմուտք մեկնելու արգելքը: Նա նաև կարևորել է ԱՄՆ-ի դաշնակիցներին ռազմական աջակցություն ցուցաբերելը՝ Բալթիկ ծովում ռազմաօդային զորավարժություններ անելով և Սև Ծովում ամերիկյան ռազմանավի ներկայությունն ապահովելով: Նա կոչ է արել նաև Ուկրաինայի ներկա իշխանություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ