12:25 , 10 մարտ, 2014
Yerkir.am-ը գրում է.
Մարտի 8-ի տարբեր միջոցառումների շարքում մայրաքաղաքում այդ օրը մի ուշագրավ ակցիա է իրականացվել` «Ամոթ չէ պաշտպանել քո իրավունքները» խորագրի ներքո անցկացվել է քայլերթ-ֆլեշմոբ, որ կազմակերպել են հայ ֆեմինիստները:
«Մենք ինչպես ամեն տարի, այս տարի էլ իրականացնում ենք քայլերթ՝ նվիրված կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Պայքարում ենք հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի դեմ, որոնք նպաստում են կանանց նկատմամբ բռնության տարածմանը: Եթե մենք համարում ենք, որ ամոթ է խոսել բռնության մասին, ամոթ է աշխատել, ամոթ է աղջիկ երեխա ունենալ, դրանով նպաստում ենք կանանց նկատմամբ բռնության տարածմանը»,- լրատվակայքերից մեկին ասել է «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնության անդամ Էլվիրա Մելիքսեթյանը:
Ֆեմինիստները մայրաքաղաքի փողոցներում անցորդներին գունավոր թերթիկներ են բաժանել, որոնց վրա գրված են եղել «Ամոթ չէ աշխատելը», «Ամոթ չէ չամուսնանալը», «Ամոթ չէ ուշ տուն գալը», «Ամոթ չէ սովորելը» կարգախոսները։ Այսպիսով` գենդերային հավասարության կեղծ գաղափարի ներքո հայ հասարակության մեջ արմատավորվող այլասերումներին զուգընթաց մի կեղծ օրակարգ էլ հայ ֆեմինիստներն են, փաստորեն, ձևավորում` հրապարակ գալով վերոհիշյալ կարգախոսներով: Նրանց համոզմամբ` հայ իրականության մեջ կնոջ կրթություն ստանալը «ամոթ» է:
Ապշեցուցիչ պնդում, որ հերքվում է հայ իրականության մեջ կանանց կրթության շուրջ երկուհարյուրամյա պատմությամբ, հերքվում է նույնիսկ էթնիկ օտար միջավայրերում հայ կանանց կրթական գործի տարածման բազում օրինակներով` դեռևս 19-րդ դարի կեսերին Ռ. Պերպերյանի, Մ. Մամուրյանի և շատ այլ նշանավոր հայ մանկավարժների գործունեությամբ հավաստված: Եվ հիմա` մեր դարում, երբ հայ կինն ստանում է առնվազն միջնակարգ կրթություն, իսկ բուհական կրթական համակարգի բացարձակ մեծամասնությունը կազմում են հենց նրանք, պնդել կարծրատիպի գոյության մասին, թե` հայ հասարակության մեջ կանանց ուսանելն «ամոթ» է, մեղմ ասած, ծիծաղելի է և կեղծ: Հայ հասարակությանն ուղղված զրպարտանքի նման է հնչում քայլերթի մասնակիցների մեկ այլ պնդումը` «Աղջիկ ունենալը ամոթ չէ»:
Հայ կնոջ համար այդ ե՞րբ է աղջիկ ունենալը դիտվել ամոթ, որ հորինել ու մի բան էլ դրա դեմ «պայքարում» եք, ֆեմինուհի մեր քույրեր: Ընդհակառակը, եթե ամոթի խնդիր էլ կա, հայ հասարակության մեջ դա կարող է կատակով դիտվել իբրև տղամարդու ամոթ, սակայն երբեք` կնոջ: Նույնքան կեղծ է «Ամոթ չէ աշխատելը» կարգախոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ