12:05 , 10 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
BlogNews կայքի խմբագիր Արամ Անտինյանի համար տարօրինակ է, որ «Ֆեյքերի դեմ» որակումը ստացած օրինագծի համահեղինակների թվում են պատգամավորներ, ում կուսակցությունները վաղուց արդեն «ֆեյքային» պատերազմների վետերաններ են։ Tert.am-ի հետ հարցազրույցում խմբագիրը, այնուհանդերձ, նշում է, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է ոչ թե տվյալ օրինագիծը, այլ վերջին շրջանում օրենսդիրների ակնհայտ մղումը ինչ-որ կերպ սահմանափակել ԶԼՄ-ներին: Հիշեցնենք, որ ըստ այս օրինագծի՝ առցանց լրատվամիջոցները ևս պետք է հետայսու պատասխանատվություն կրեն սոցցանցերի «կեղծ օգտատերերի» գրառումները հրապարակելու համար։
-Պրն. Անտինյան, «Ֆեյքերի դեմ» որակում ստացած օրինագիծը բավական մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում, բայց կարծես թե այն առաջին հերթին ոչ թե ֆեյքերի, այլ հենց լրատվամիջոցների կամ հարթակների համար է, ինչպիսին BlogNews-ն է: Ինչպե՞ս եք վերաբերում այս նախաձեռնությունը:
-Նախ ասեմ, որ ինձ համար բավական տարօրինակ է, որ այս օրինագծի համահեղինակների թվում են պատգամավորներ, ում կուսակցությունները վաղուց արդեն «ֆեյքային» պատերազմների վետերաններ են և ֆեյքերով կռիվները որպես քաղաքական օրակարգ թելադրելու հիմնական միջոց են ընկալում: Ի՞նչ որակում կարելի է տալ սրան. պատգամավորների պայքարը իրենց իսկ ֆեյքերի դե՞մ:
Ինձ ավելի շատ անհանգստացնում է ոչ թե տվյալ օրինագիծը, այլ վերջին շրջանում մեր օրենսդիրների ակնհայտ մղումը ինչ-որ կերպ սահմանափակել ԶԼՄ-ներին: Ես սա, իհարկե, մեկնաբանում եմ, որ ԶԼՄ-ները ներկայում բավականին հաջող կատարում են զսպաշապիկի իրենց դերը և երկրի օրենսդիր, գործադիր և դատական սեկտորներում կենտրոնացած իրենց լիազորությունները չարաշահելու հակված անձանց լրջորեն կաշկանդում են իրենց դրսևորումներում: Ուստի, այդ մարդիկ էլ ցանկանում են ազատվել ԶԼՄ-ների վերահսկողությունից կամ գոնե մեղմել դա:
-Որքանո՞վ BlogNews-ը կտուժի, երբ այս օրինագիծն ընդունվի:
-BlogNews-ի խմբագրակազմը իր ձևավորման առաջին իսկ օրվանից որդեգրել է «Ոչ վիրավորանքներին» ռազմավարությունը, և բացի այն, որ մեր խմբագիրները հետևում են և մոդերացնում վիրավորական մեկնաբանությունները, նաև ուշադիր ենք լինում, որ կայքում չհայտնվեն վիրավորական գրառումներ: Օրինագծի հիմնական բացասական ազդեցությունը, ըստ իս, կլինի այն, որ այս սահմանափակումների և օրենքով հետապնդումների արդյունքում կկորցնենք այն համարձակ, սուր, ազատ և անկաշկանդ, հաճախ սատիրիկ խոսքը, որը բլոգոլորտին այդքա՜ն մեծ գրավչություն է հաղորդում: Դատական պրակտիկայում վիրավորանքի և զրպարտության հարցում վերաբերմունքը մինչև օրս հստակ չէ: Գուցե անձը, ում մասին մեկնաբանություն է գրվել, օրերից մի օր համարի, որ ծաղրն իր նկատմամբ վիրավորակա՞ն է: Ի՞նչ է, այդ մեկնաբանությունը պետք է հեռացնել ու թողնել, որ ծաղրի արժանի գործիչները, որոնք ի դեպ մեզանում մեծամասնություն են կազմում, մնան չքարկոծվա՞ծ: Ներեցեք, բայց ես հակառակ կարծիքին եմ:
-Ի՞նչ թերություններ եք առանձնացրել օրինագծում և որքանո՞վ էր, ըստ Ձեզ, այն հրատապ:
-Եթե ապրիորի ընդունենք, որ օրինագծի հեղինակները բացառապես բարի մտադրություններից ելնելով են օրինագիծը մշակել և այն ուղղված է լինելու մեր կյանքն ավելի հարմարավետ դարձնելուն, ապա պետք է ասեմ, որ այստեղ բավական ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերված և ուղղակիորեն ներմուծված են մի շարք եզրույթներ, որոնք բացատրելը եթե ոչ անհնար է, ապա ինձ համար գոնե բավականաչափ դժվարություն են ներկայացնում:
Նախ ի՞նչ է նշանակում անհայտ օգտատեր, ինչո՞ւ է մեր պատգամավորների վերաբերմունքն այս կատեգորիայի նկատմամբ այդքան նեգատիվ: Եթե սոցցանցը չի պահանջում, որ ես անձնագրային տվյալներ ներկայացնեմ գրանցվելիս, ուրեմն խարանվում եմ որպես անհա՞յտ: Իսկ արդյոք ես վա՞տ բան եմ անում, որ նախընտրում եմ անոնիմ հանդես գալ: Ցավոք, ապրում ենք մի իրականության մեջ, երբ սուր խոսք ասելիս չբացահայտված մնալը շատ ավելի ձեռնտու է, քանի որ անձնական դատաստանի պրակտիկան դեռևս շարունակում է հարազատ մնալ շատ ու շատ ուղղանկյուն գլուխներով մարդկանց շրջանում: Փաստ է նաև, որ այսօր մեր երկրում կատարվող բազում անօրինությունների թեմայով ամենաօբյեկտիվ գնահատականները հենց նրանց ասած «անհայտ օգտատերերից» ենք լսում:
Կամ ինչո՞ւ կայքերին չի կարելի տարածել սոցցանցերի «ֆեյք» օգտատերերի գրածները, իսկ նույն ֆեյսբուքցիներին կարելի է: Չէ՞ որ շատ ֆեյսբուքցիներ այսօր շատ ու շատ կայքերից ավելի մեծ լսարան ունեն: Այս դեպքում ո՞րն է միայն կայքերին սահմանափակելու իմաստը և արդյո՞ք սրա հաջորդ քայլը Ֆեյսբուքը սահմանափակելու փորձերը չեն լինելու: Դե եթե մեր իշխանությունները զարգացվածության մակարդակով առաջավոր երկրներին նմանվելու տեսլականը փոխարինել են, ասենք, Տաջիկստանին նմանվելով, ապա դա այլ հարց է, և գուցե նման փայլուն օրենսդրական նախաձեռնությունների հեղինակները մի օր էլ առաջարկեն առհասարակ Ֆեյսբուքն արգելափակել մեր երկրում ու դա պատճառաբանեն նրանով, որ այդտեղ երկրի հասցեին նեգատիվ խոսքը շատ է:
Սրանք ընդամենը երկուսն են այն թերությունների բույլից, որոնք կան օրինագծում: Իսկ առհասարակ, իմ կարծիքով, նման խիստ կանոնակարգման կարիք դաշտը չունի և օրենքում լրացումներ անելու կարիք էլ չկա, որովհետև վերոնշյալ խնդիրը շատ արդյունավետ ձևով կարգավորված է ՍԴ որոշումով, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքով, ՄԻԵԴ նախադեպային իրավունքով և 1087.1 հոդվածով։ Այսպիսով ինչո՞ւ փորձել կարգավորել մի դաշտ, որը վաղուց արդեն կարգավորված է: Անտրամաբանական է: Իսկ թե ինչն է, այնուամենայնիվ, այս նախաձեռնության պատճառը դարձել, օրինագծի համահեղինակԱրփինե Հովհաննիսյանը բավական վիճելի փաստարկ է բերում՝ ասելով, որ Հայաստանում նախադեպերը պատշաճ արժևորման և ուշադրության չեն արժանանում դատարանների կողմից: Իսկ այս դեպքում որտե՞ղ է վստահությունը, որ ձեր առաջարկած օրինագծին ընդհանրապես բանի տեղ դնող կլինի, եթե ըստ ձեզ, նախադեպերը հաշվի չառնելու պրակտիկա կա:
Եթե անկեղծ, ապա գտնում եմ, որ այս առումով շատ լավ օրինակ է ԱՄՆ-ը, որտեղ առցանց ինտերակտիվ ծառայություններ ապահովող բոլոր ընկերությունները ազատված են այլոց քոմենթների հիմքով պատասխանատվությունից և դեսուդեն ընկնելու և օգտատերերի ինքնությունը պարզելու բեռն իրենց վրա չեն կրում:
Ինչ վերաբերում է օրինագծի հրատապությանը, ապա գտնում եմ, որ եթե մեր պատգամավորները իսկապես մտահոգված լինեին երկրի առջև ծառացած խնդիրներին լուծումներ որոնելով, ապա ԶԼՄ-ներին երբեք չէին հասնի, համենայն դեպս, ոչ մոտ ապագայում: Թե չէ ստացվում է՝ բոլոր խնդիրները լուծեցին, մնացել էր ԶԼՄ-ներին կանոնակարգելը: Իսկ որ մեր խնդիրները լուծելիս ԶԼՄ-ներից չէ, որ պետք է սկսել, կարծում եմ՝ ակնհայտ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ