11:38 , 10 մարտ, 20141in.am-ը գրում է.
Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Հանդիպման սկզբում Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է առաջնության մասնակիցներին և մրցապայքարում արձանագրված արդյունքները:
Նորին Սրբությունը, ողջունելով շախմատիստների ներկայությունը համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ուրախություն հայտնեց, որ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ միջազգային միջոցառումներ ինչպես մշակույթի և կրթության, այնպես էլ սպորտի բնագավառում: Անդրադառնալով շախմատի նկատմամբ հայ ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքինª Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ շախմատը, որպես ստեղծագործական մտքի արտահայտություն, ազնվական խաղ է և կարևոր առաքելություն ունի մարդկության կյանքումª իր ոգով նպաստելու ազգերի ու մշակույթների միջև փոխհասկացողության զորացմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես կարևորեց շախմատի բարերար ներգործությունն անձի մեջ դրական որակների ու հատկությունների կերտման, նրա կերպարի ձևավորման գործում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը պատասխանել է առաջնության մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր սպորտաձևերի նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքին, Հայ Եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը հասարակական կյանքում, ինչպես նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Եկեղեցու մասնակցությանը: