Արևմուտքը թերագնահատում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը` գերագնահատում իրեն


11:47 , 10 մարտ, 2014

Ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ակնհայտ է երկու բան. Արևմուտքը լուրջ թերագնահատում էր ու շարունակում է թերագնահատել Ռուսաստանին ու հատկապես Պուտինին, իսկ Ռուսաստանն ու հատկապես Պուտինը խիստ գերագնահատում են իրենց իրական պոտենցիալը:

Գնալով ավելի եմ համոզվում, որ Արևմուտքի համար անակնկալ էր Պուտինի նման վճռականությունն ու սկզբունքայնությունը, երբ անգամ պատժամիջոցների ու իր կառավարման 15 տարիների ընթացքում ձեռք բերված ողջ պայմանական կրեդոյի (արևմտյան գործընկերների աչքերում) անէացման սպառնալիքների ներքո, մի քիչ վախվորած, բայց միևնույն է, համառորեն շարունակվում է պայքարը Ուկրաինայի համար: Արևմուտքը թերևս հույս ուներ, որ Ռուսաստանը հերթական անգամ կբողոքի-կբողոքի, իսկ հետո կհանձնի ՈՒկրաինան, ինչպես դա արեց Հարավսլավիայի պարագայում (2 անգամ), Իրաքում ու Լիբիայում... Ավելին, Արևմուտքին թվում էր, թե ինչ-ինչ, բայց զորք մտցնելու վճռականություն հաստատ չի հերիքի Ռուսաստանին. չէ՞ որ Ուկրաինան, ի վերջո, Վրաստան չէ:

Մյուս կողմից, Արևմուտքը մեծ հույսեր էր կապում իր աճեցրած ուկրաինական քաղաքական ու հասարակական դաշտի հետ, որի կայացման համար վերջին 20 տարիների ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարներ էր ներդրել: Բայց արի ու տես, որ Ռուսաստանը արդեն որերորդ անգամ պատմության մեջ գնաց դեմ «առողջ» տրամաբանությանը:

Պատճառը, թերևս, նրանում է, որ Ռուսաստանը, իսկ ավելի կոնկրետ Պուտինն ու նրա մերձավոր շրջապատի դերժավական հատվածը, մաքսիմալ հստակ հասկանում են, որ եթե հիմա հանձնեն Ուկրաինան, ոչ միայն չի կարող խոսք լինել Ռուսաստանի գերտերություն լինելու հեռանկարների մասին, այլև, վաղ թե ուշ, նույն Մայդանը կայցելի հենց իրենց, ու մի քանի տարուց Ռուսաստանը պարզապես կտրոհվի մի քանի մասերի: Հասկանալով սա՝ Պուտինը վաբանկ է գնում, որովհետև ով-ով, բայց նա շատ լավ գիտի, թե ինչպես էր փլվում Սովետական Միությունը, ու ոնց էին դրան նպաստում պետական շահերի պարբերական ոտնահարումները: 

Այլ հարց է, որ Պուտինի ոտքերի տակի հողը հեղհեղուկ է, ու եթե Արևմուտքը իրոք սկսի պատժամիջոցներ կիրառել, ապա կրեմլյան վերնախավում իսկական առնետավազք կսկսվի, ու ինչքան էլ Ռուսաստանը սպառնա, որ ինքն էլ կարող է կոշտ քայլերի դիմել արևմտյան ընկերությունների կապիտալների դեմ, միևնույն է, համադրելի մեծությունների մասին խոսք լինել չի կարող: Ի վերջո, ռուսական տնտեսությունում արևմտյան կորպորացիաների տիրապետության տակ գտնվող ակտիվները մի քանի տասնյակ միլիարդ դոլար են կազմում, գուցե անգամ հարյուրից մի քիչ ավել, մինչդեռ Արևմուտքի հասանելիության տակ են ոչ միայն ռուսական ողջ էլիտայի ունեցվածքի ու հարստության մեծամասնությունը, այլև Ռուսաստանի առասպելական դարձած կեստրիլիոնանոց Ազգային Բարեկեցության Հիմնադրամը:

Այնպես որ, Ռուսաստանը ամեն դեպքում ոչ նախանձելի իրավիճակում է. մի դեպքում սպառնում է հերթական ու վերջին աշխարհաքաղաքական նվաստացումը, որը մեծ հավանականությամբ կհանգեցնի երկրի մասնատմանն ու որպես այդպիսին՝ վերանալուն, իսկ մյուս կողմից սպառնում է նոր Սառը պատերազմ, որի առաջին իսկ փուլում կա տնտեսական կոլլապսի մեծ հավանականություն և սեփական էլիտայի տեսքով ուժեղագույն 5-րդ շարասյուն: Չնայած, ի՞նչն է միշտ առանձնացրել Ռուսաստանը այլ տերություններից. որքան ավելի վատ իրավիճակում է այն հայտնվել, այնքան ավելի բարձր վերելք է ունեցել այս երկիրը դրանցից հետո ու դրանց վրա հիմնվելով... Արդյո՞ք պատմությունն այս անգամ էլ կկրկնվի:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ցանկացած զարգացման դեպքում մենք առնվազն կարճաժամկետ հեռանկարում մենակ վնասներ ենք կրելու: Ցավոք: