Հատվածական մոտեցում` պետության նկատմամբ


15:41 , 9 մարտ, 2014

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները` իշխանությունից Յանուկովիչին հեռացնելու և Ղրիմում սպասվող հանրաքվեի հետ կապված, առիթ են դարձել, որպեսզի հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներից համեմատություններ տարվեն երկու երկրներում առկա գործընթացների միջև:

Համեմատական քաղաքագիտությունը սահմանում է, որ երևույթները, գործընթացները, իրադարձությունները կարելի է համեմատական հարթության մեջ դիտել, եթե դրանց հիմքերը համեմատելի են:

Հայաստանի ու Ուկրաինայի մեջ համեմատականներ տանելու համար անհրաժեշտ է առկա պրոցեսները դիտարկել տարբեր համակարգերում. փոխհարաբերությունների, քաղաքացի-պետություն, ազգային կապիտալի ինքնակազմակերպման, ինտեգրացիոն գործընթացների և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրադարձությունները ակտիվորեն քննարկվում են ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, փորձենք թեման դիտարկել այս հարթությունում: Ընդ որում` այս երկրների համեմատությունը հետաքրքիր է այն առումով, որ Ուկրաինան, և Հայաստանն ընդգրկված են «Արևելյան գործընկերության» ծրագրում, սակայն դրան զուգահեռ Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում երկու երկրներին Եվրասիական տնտեսական միության կազմում տեսնելու հարցում:

Իհարկե, քաշային առումով դժվար է Հայաստանին ու Ուկրաինային մի հարթության մեջ դիտարկելը, ի վերջո, եթե Հայաստանի հարցում խնդիրը միայն ազդեցության գոտու մշտական թվացող պայքարն էր, ապա Ուկրաինայի հարցում խնդիրն ավելի խորն էր: Ե’վ «Արևելյան գործընկերության», և’ Եվրասիական ինտեգրացման պրոյեկտների կայացման հարցում Ուկրաինայի դերը որոշիչ էր, քանզի երկու ծրագրի դեպքում էլ Ուկրաինայի բացակայությունը կհամարվի ձախողում:

Ե’վ հայաստանյան, և’ ուկրաինական քաղաքական իրադարձությունների վրա ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը նկատելի էր, սակայն յուրաքանչյուրում տարբեր չափաբաժնով:

Հասկանալի է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները չի կարելի դիտարկել որպես եվրոպական կամ եվրասիական ինտեգրացման պրոցեսների արդյունք, սակայն կողմնորոշումների առումով Հայաստանում և Ուկրաինայում հասարակական տրամադրությունները տարբեր են:

Ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ Հայաստանում Մաքսային միությանը միանալու հարցում կուսկացությունների միջև քաղաքական կոնսեսուս կա և որքան էլ այս կամ այն ուժերը փորձեն միայն անուղղակիորեն աջակցել եվրասիական գործընթացին, ակնհայտ է, որ ինչպես Լևոն-Տեր Պետրոսյանն է ասում` ՄՄ-ին միանալու գործընթացն այլևս անշրջելի է:

Ինչ վերաբերում է Ղրիմի ու Արցախի միջև համեմատականությունների անցկացմանը, ապա դա բավականին վտանգավոր է առաջին հերթին այս պահին, վերջիններիս ունեցած կարգավիճակների առումով:

Երկրորդ, եթե Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, «Մայդանի» առաջնորդները առաջնորդվում էին իշխանությունից Յանուկովիչին հեռացնելու ու իշխանության հասնելու նպատակադրվածությամբ` չհաշվարկելով դրա հնարավոր հետևանքները, այդ թվում` Ղրիմում ստեղծվելիք հնարավոր պրոցեսները, ապա Հայաստանում ՀԱԿ կուսակցության ղեկավարը հրապարակավ հայտարարում է, որ ոչ իշխանական ուժերը կոշտ միջոցների, ապստամբությունների շռայլություն իրենց չեն կարող թույլ տալ, քանի որ Ղարաբաղի հարց կա:

«Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք»,- իր մարտիմեկյան ելույթում նշել է Տեր-Պետրոսյանը` ակնհայտորեն մերժելով իշխանափոխության հասնելու կտրուկ ու արյունալի ճանապարհը:

Եթե Հայաստանում Տեր-Պետրոսյանը առնվազն փորձում է ցույց տալ, թե պայքարի առանցքում պետությունն է, պետական շահը, ապա Ուկրաինայի դեպքում, պետության գաղափարը, կարծես թե, բացակայում է: Ուրիշ բան, որ Տեր-Պետրոսյանի ելույթներում հակասությունները, կարծես, օրինաչափություն են դարձել, և այս պահին դժվար է միանշանակ հասկանալ, թե ինչ է ուզում Տեր-Պետրոսյանը և ինչն է վերջինիս համար առաջնայինը: