07:13 , 9 մարտ, 2014
1991-ի աշնանային մի օր Տիգրան Մանսուրյանի հետ Համո Սահյանին հյուր գնացինք: Երբ պայուսակից հանում էի տեսախցիկը, Սահյանը խոժոռ նայեց ինձ.
-Լավ, եկել եք, լավ եք արել, է՞դ ինչի ես բերել:
Իմ փրկությունը Մանսուրյանն էր, ով բացատրեց, թե ժողովուրդը Ձեր բանավոր խոսքը չունի, դե Հովիկն էլ…
Սահյանը ընդհատեց.
-Էդ սարքը, Տիգրան, խանգարելու է մեր զրույցին` թվում է, թե մի կողմնակի մարդ դռան ճեղքից ականջ է դնում:
…Մի կերպ համաձայնվեց, եւ Մանսուրյանը հրաշալի <բացեց> Սահյանին, ու ծայր առավ մի իմաստուն զրույց: Զրուցեցին երկու մտերիմներ, երկու իմաստուն այրեր, ու օգտվողը ես էի, հիմա էլ արդեն դուք եք, որ հետայդու նրանց այդ զրույցից հատվածներ կարդալու հնարավորություն կունենաք: Ահավասիկ:
…Աստված շատ մեծ Է, ախր, էս տիեզերքից էլ մեծ է: Ես հավատում եմ էս Մեծ Աստծուն: Ափսոս, բոլորիս վիճակված չէ հաղորդվել Նրա հետ: Երեք մարդ, ես համոզված եմ, հաղորդվել են՝ Գյոթեն, Էյնշտեյնը եւ Թումանյանը: Հաղորդվել են վայրկյանական: Գյոթեն՝ շատ, Էյնշտեյնը կարծեմ նույնիսկ հետը խոսել է: Պատահակա՞ն է Թումանյանի այդքա՜ն խորը փիլիսոփայությունը՝ ինչպես էր կարողանում մեծ երեւույթները ներկայացնել պարզ ու հասարակ ձեւակերպումներով, փիլիսոփայական խորը ընդհանրացումներով: Օրինակ, ի՞նչ էր պետք ձմեռը մրսած մարդու համար՝ տաք սենյակ, ջահելություն, հարսանիքն էլ հետը: Եվ այս պայմաններում, մի փոքր շեղում ադաթից՝ մեջքը գետնին տվեց: Հասարակ մի բան է չէ՞, բայց ճակատագիր որոշեց: Հիմա դու էս Թումանյանի ո՞ր հերոսին ես մեղադրում: Ո՛չ ոքի: Անուշին փախցրին, չմեղադրեցիր: Էնտեղ Սարոյին սպանեցին՝ չմեղադրեցիր: Անուշը տնից փախավ՝ չմեղադրեցիր: Այդ դեպքում մեղավորն ո՞վ է: Թումանյանն Էդ բոլորի պատասխանները տալիս է մի տողով՝
<Դու էլ գնա նոր սեր արա,
//Էսպե՛ս է կարգն աշխարհ>:
Ուրեմն աշխա՛րհն է մեղավոր: