00:03 , 9 մարտ, 2014Tert.am-ը գրում է.
Շվեյցարիայի ամենահեղինակավոր թերթերում՝ NeueZuricherZeitung-ում և Le Temps-ում, տպագրվել է հոդված՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:
Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Ցեղասպանության շրջանում և դրան հաջորդած տարիներին Շվեյցարիայի և այդ երկրի անհատ քաղաքացիների հայանպաստ դիրքորոշման և գործունեության մասին: Այնուհետև կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին՝ հետամուտ լինելու ՄԻԵԴ-ի կողմից՝ Ցեղասպանության փաստը ժխտած և Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված թուրք գործիչ ԴողուՓերինչեքի արդարացման վճռի բողոքարկմանը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար.
«Այս տարվա հունվարին՝ Հոլոքոստի հիշատակման միջազգային օրվա առթիվ, նախագահ ԴիդիեԲուրգհալտերը ասել էր.
«...նույնիսկ այսօր կան մարդիկ, որոնք ժխտում են Հոլոքոստի ծավալները, այնպես, ինչպես որ ժխտում են նացիստների կողմից արված այլ հանցագործությունների և այլ ցեղասպանությունների ծավալը: Մեր պարտքն է՝ մերժել նման վերաբերմունքը և հակազդել դրան՝ հիշեցնելով մարդկանց փաստերի և պատմական իրականության մասին: Շվեյցարիան և մյուս երկրները ցանկանում ենոչ թե պարզապես խոսքով ընդունել դա, այլ կոնկրետ գործողություններ ձեռնարկել»:
Այս խոսքերը լիովին համահունչ են այն ճառի հետ, որն արտասանեց հինգ անգամ Շվեյցարիայի նախագահ ընտրված Ջուզեպպե Մոտտան՝ Ազգերի Լիգայում 1922թ. սեպտեմբերին.
«Երբ մենք մտածում ենք այն մասին, որ այս մարդիկ երկուսուկես միլիոն բնակչություն ունեին Թուրքիայում, որից այժմ մնացել է միայն 300,000-ը…. Մենք պետք է ոչ միայն հարգանքի տուրք և բարյացակամություն ցուցաբերենքայդ աղքատ և դժբախտ մարդկանց հանդեպ, այլ նաև հատատակամորեն աջակցենք նրանց մեր ուժերի ներածի առավելագույն չափով»:
Իրոք, Շվեյցարացի ժողովուրդը միշտ է հայանպաստ գործունեություն ծավալել` ելնելով մարդասիրական մղումներից: Բեռնի դաշնային արխիվում մինչ օրս պահպանվում է հայտնի 1896-1897թթ. դիմում-խնդրագիրը, որի տակ ստորագրել էին գրեթե կես միլիոն շվեյցարացիներ (բնակչության 13.7 տոկոսը), և որը կոչ էր անում Շվեյցարիայի կառավարությանը՝ միջամտել և կանգնեցնել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների սպանությունները:
Շվեյցարացիների ցուցաբերած օգնությունը հայերին հաճախ հերոսական դրսևորումներ էր ունենում: 1899-1922թթ. Յակոբ Կյունցլերը և նրա կինը` Էլիզաբեթը, ամեն ինչ անում էին, որպեսզի թեթևացնեն հայերի տառապանքները մահվան քարավանների ճանապարհներին՝ Սիրիայի անապատներում: Որոշ շվեյցարացիներ նույնիսկ իրենց կյանքն էին վտանգի տակ դնում: Օրինակ, մի շվեյցարացի ինժեներ դատապարտվեց ռազմադաշտային դատարանի կողմից, քանի որ հաց էր տվել հայ գաղթական քարավանի կանանց և երեխաներին:
2007թ. Լոզանի ոստիկանական դատարանի կողմից Թուրքիայի մի քաղաքացի դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար: Շվեյցարական դատարանները մերժեցին վճռի բողոքարկման երկու դիմումները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը, այնպես, ինչպես Հրեական ցեղասպանությունը, ապացուցված փաստ է և ճանաչված է շվեյցարական օրենսդրության կողմից: Այնուամենայնիվ, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը (ՄԻԵԴ) 2013թ դեկտեմբերի 17-ին, բեկանեց վճիռը` հղում անելով խոսքի ազատության սկզբունքին: Որոշման թերությունը, սակայն, խոսքի ազատությունը չէ, մի բան, որի հետ մարդկանց մեծամասնությունը կհամաձայնի: Խնդիրն այն է, որ ՄԻԵԴ վճիռը չափազանց վիճելի ձևակերպումներ է պարունակում Հայոց ցեղասպանության մասին, որոնք Դատարանի իրավասության շրջանակից լիովին դուրս են գալիս:
Դատարանը, նշելով որ ինքը կոչված չէ որոշում կայացնելու ո´չ հայկական կոտորածների իսկության, ո´չ էլ այդ գործողությունները «ցեղասպանություն» որակող իրավական ակտերի իրավաչափության շուրջ, այնուամենայնիվ հաստատում է իր կասկածն առ այն, թե արդյոք այս հարցի շուրջ կարող է ընդհանուր կոնսենսուս լինել: Այսպիսով, դատարանը, անտեսելով հրատարակված ծավալուն փաստերը, անիմաստ կերպով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ