Պարօլիմպիական խաղերի բացման արարողությանը որպես ի բողոք դուրս է եկել միայն մեկ ուկրաինացի մարզիկ. նրան ողջունել են բարձր ծափերով


23:39 , 7 մարտ, 2014

Operativ.am-ը գրում է.

Սոչիում՝ "Фишт" մարզադաշտում, տեղի ունեցավ 11-րդ ձմեռային Պարօլիմպիական խաղերի տոնական բացման արարողությունը:

Միջոցառման շրջանակներում, որն, ի դեպ, ստացել էր՝ «Քանդելով սառույցը» անվանումը, կայացավ մարզիկների ավանդական շքերթը, թիմերը հայտնվում էին մարզադաշտում՝ ռուսական այբուբենի հերթականությամբ, բացառությամբ ռուսական հավաքականի, որը փակեց երթը: Մարզիկներին իրենց տեղերն էին ուղեկցում անտառային կենդանիները և հրեղեն թռչունները: 

Ուկրաինայի հավաքականը ներկայացնում էր ընդամենը մեկ մարզիկ՝ դահուկորդ-բիատլոնիստ Միխայիլ Տկաչենկոն: 

Ինչպես իր Ֆեյսբուքյան էջում գրել էր Ավտոմայդանի ղեկավարներերից, Ուկրաինայի նոր Սպորտի նախարար Դմիտրի Բուլատովը, այսպիսով ուկրաինական թիմը ցանկացել է իր բողոքն արտահայտել Ռուսաստանի քայլերի հանդեպ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Ուկրաինայի ազգային Պարօլիմպիական կոմիտեի նախագահ Վալերի Սուշկևիչը հայտարարել էր, որ Ուկրաինան հանդես կգա բացման արարողությանը յուրահատուկ  կազմով, ավելացնելով, որ քաղաքական կարգախոսներթիմի կողմից չեն հնչի: