18:02 , 7 մարտ, 2014
168.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը ամբողջ հանրապետությունում հայտարարվել է Կանանց առողջության միամսյակ։ Նախարարի 2014թ. փետրվարի 24-ի N 330–Ա հրամանով կանոնակարգվել է առաջին անգամ այսպիսի ընդգրկուն ծավալ ունեցող կարևոր միջոցառման պատշաճ և համակարգված կազմակերպելու ընթացակարգը։ Միամսյակի շրջանակներում հանրապետության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կկազմակերպվեն «Բաց դռների օրեր»։ Յուրաքանչյուր կին կարող է դիմել տարածքային իր պոլիկլինիկական հաստատություն` ներկայացնելով անձնագիր, ինչպես նաև, առկայության դեպքում` նախկինում արված բժշկական հետազոտությունների արդյունքները։ Անկախ կնոջ գանգատներից, առողջության առաջնային օղակում սկրինինգ ծրագրի շրջանակներում կկազմակերպվի մանկաբարձ-գինեկոլոգի առաջնային զննում, խորհրդատվություն, ըստ անհրաժեշտության` նաև հետազոտություններ։ Բժշկական ցուցումների դեպքում տեղերում կկազմակերպվեն լրացուցիչ խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և համապատասխան մասնագետների զննումներ։ Բոլոր այն դեպքերում, երբ կինը կարիք կունենա հետազոտություն կամ բուժում անցնելու մասնագիտացված կենտրոնում, ապա «Բաց դռների» բժշկական եզրակացության հիման վրա նա կուղեգրվի համապատասխան կլինիկա, որտեղ կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն, բժշկական ցուցումների դեպքում կտրվի վերջնական կարծիք` բուժօգնության, այդ թվում` վիրահատության վերաբերյալ: Նախարարի հրամաններով այս գործընթացները հստակ կանոնակարգվել են թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Ըստ ժամանակացույցի մարզեր կմեկնեն Երևանի առաջատար կլինիկաների` ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Թիվ 2 բժշկական միավորման, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Հերացի» հիվանդանոցային համալիրի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի, Ս.Ա.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նեղ մասնագետները, տեղերում կկատարեն ինչպես խորհրդատվություններ, այնպես էլ` վիրահատություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ