Սևանա լճի գլխին մահացու վտանգ է կախված


17:13 , 7 մարտ, 2014

Սևանա լճի գլխին մահացու վտանգ է կախված: Նախագծում են այնտեղ ինտենսիվ բտման եղանակով տարեկան արտադրել 50 հազար տոնա ձուկ: Այդ ահռելի քանակության ակտիվ բիոմասսայի կերակրումը և նրանց արտաթորանքը լիճը կաղտոտեն ու հիմնովին կփոխվի լճի քաղցրահամ ջրի կենսաբանական և քիմիական հատկանիշները դեպի նրանց անդառնալի վատացումը: Սա կհանգեցնի բնապահպանական ահավոր աղետի և ոչ միայն Սևանի լիճը կդառնա մեռյալ զոնա, այլ նրա ողջ ավազանը կվերածվի աղետի գոտու և մարդու բնակության համար ոչ պիտանի տարածքի:
Անհրաժեշտ է մեր ողջ ժողովրդին ոտքի հանել այս աղետի դեմ և թույլ չտալ Սևանա լճի կործանիչներին մեկ քայլ անգամ կատարել լճի կյանքի դեմ:
Այսօր Հայաստանի վրա կախված այս վտանգը ամենասարսափելին է: Սրա ահավորությունը դժվար պատկերացնելի մի բան է: Այս աղետի դեպքում այլևս հնարավոր չի լինելու փրկել մեր կյանքի կարևորագույն աղբյուրի` ջրի աղտոտվածությունը ողջ երկրով մեկ: Սևանի ավազանի էկոհամակարգով պայմանավորված է ողջ Հայաստանի էկոհամակարգը:
Ակտիվ պայքար է պետք կազմակերպել և անհապաղ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել այս աղետը թույլ չտալու համար: