Կարճ ճամփորդություն


19:34 , 5 հուլիս, 2012

Հյուրանոցները։ Նոր համարներն անհետաքրքիր են։ Ամեն ինչ մաքուր, կոկիկ, թարմ։ Ոչ մի հետք նախկին բնակիչներից։
Հին համարում զգում ես, որ քեզնից առաջ շատ ուրիշ մարդիկ են ապրել, իրենց մի մասնիկը թողել սենյակում։
Խալին սեւ հետք ունի, վառված է՝ ծխող է մնացել։ Սեղանին բաժակի պարագծով հետք է՝ սուրճ խմել են սիրել, հաճախ տաք-տաք եւ առանց բաժակամանի։ Կարդացողների հետքը բարդ է գտնել, գրքերից ոչինչ չի մնում։

Ճանապարհները։ Նկատել եմ, երբ գալարվող թեք ճանապարհներ են լինում, մարդիկ ուշադիր նայում են դիմացը, թվում է, թե էդպես իրենց ավելի անվտանգ են զգում։ Կարծես դիմացից արագ եկող մեքենան իրենց հայացքից է արագությունը գցելու ու մի կողմ քաշվելու։ Ես միշտ աչքերս փակում ու մարդկանց եմ պատկերացնում։ Ինչ-որ բան պատահելու դեպքում էլ վերջին միտքս թող հաճելի մեկի մասին լինի, ոչ թե անծանոթ ուղեւորների։

Քաղաքաները։ Դատարկ են, չեն ապրում։ Ամեն ինչ կենտրոնացած է Երեւանում։ Երեխեքն օր են գլորում մինչ չափահաս դառնալն ու Երեւան տեղափոխվելը, մեծերն ապրում են ամառվա սպասումով, երբ աշխատանք կամ այլ զբաղմունք են ունենում։

Ճաշարանները։ Մարդիկ չեն սիրում փոփոխություններ։ Ճաշարանում երկու-երեք սեղան է զբաղեցված, որոնցից մեկի կողքին ես եմ տեղավորվել։ Երկու կին մոտենում, ուշադիր ինձ են նայում։
-Չեմ խանգարու՞մ ձեզ,- հարցնում եմ։
-Գիտեք, սա մեր սեղանն է,- ասում են։
Խոհարարը մոտենում է․
-Ընկերներ, տեղերը կայուն չեն, ով որտեղ ցանկանում, այնտեղ էլ նստում է։
Ընկերներ։ Ժամանակակից կահավորումն ու նոր սպասքը աչքիս էլ չեն երեւում, ինձ զգում եմ սովետական ֆիլմում։
-Նստեք, միասին ճաշենք,- առաջարկում եմ։
Կանայք ազատ սեղանները թողած տեղավորվում են։ Մարդիկ փոփոխություններ չեն սիրում։